Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Պետական կարգավիճակ ունեցող հայկական առաջին թատրոնը հիմնադրվել է Երևանում 1921 թվականի օգոստոսի 16-ին և հենց այդպես էլ կոչվել է՝ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թվի հունվարի 25-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Իսահակ Ալիխանյան): Թատրոնի առաջին վարագույրի վրա պատկերված է եղել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի «ՀԱՅԱՍՏԱՆ» կտավը, որ տասը տարի վարագույր ծառայելուց հետո դարձել է մեծանկար և այժմ զարդարում է թատրոնի հիմնական ճեմասրահը: Առաջին պետական թատրոնի կազմավորման գործում ծանրակշիռ ներդրում են ունեցել հայտնի քաղաքական գործիչներ՝ Ստեփան Շահումյանը, Պողոս Մակինցյանը, Ասքանազ Մռավյանը, թատրոնի առաջին տնօրեն՝ Մամիկոն Գևորգյանը, առաջին գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Քալանթարը և այլոք:
Թատրոնն իր շուրջն է հավաքել աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում ապրող լավագույն հայ թատերական գործիչներին և տասնյակ տարիների հսկայածավալ աշխատանքի և ներդրումների շնորհիվ դարձել է հայկական թատերական արվեստի կենտրոնը: Մինչ օրս ժողովուրդն այն կոչում է «ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆ» – սա կառույցի ամբողջական էությունը բնորոշող լավագույն ձևակերպումն է: 20-րդ դարի հայկական մշակույթի դիմագիծը կազմող արվեստագետների մեծ մասը գործնականորեն մեծ ներդրում են ունեցել թատրոնի կայացման և հռչակման գործին՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Եղիշե Չարենց, Գուրգեն Մահարի, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Մարտիրոս Սարյան, Միքայել Արուտչյան, Ռուբեն Սիմոնով, Երվանդ Քոչար, Առնո Բաբաջանյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Արմեն Գուլակյան, Վարդան Աճեմյան և դեռ շատերը:
1937 թվականին թատրոնը վերանվանվում է Գաբրիել Սունդուկյանի անունով: Հիմնադրումից մինչև 1938 թվականը թատրոնն իր գործունեությունն իրականացրել է ներկայիս Հանրապետության Հրապարակի վրա գտնվող հիմնական շենքերից մեկում, ապա տեղափոխվում է նոր շենք: 1960 թվականին թատրոնը դառնում ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ: 1962 թվականին այրվում է թատրոնի շենքը: Այն վերակառուցվում է նույն վայրում և վերաբացվում 1966 թվականի մարտի 5-ին դարձյալ Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Վարդան Աճեմյան): Այսպիսով, թատրոնի այսօրվա շենքը, որն ինքնատիպ ճարտարապետական կոթող է (ճարտարապետներ՝ Ռ. Ալավերդյան, Ռ. Բադալյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան), գտնվում է քաղաքամայր Երևանի սրտում՝ Երևանի քաղաքապետարանի և Կրկեսի շենքերի մեջտեղում և տեղակայված է Անգլիական այգու մեջ՝ Գրիգոր Լուսավորիչ 6 հասցեում: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներով թատրոնն ամբողջովին վերազինվեց լուսաձայնային տեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև հիմնովին նորոգվեց թատերասրահը՝ համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին: Նորոգված թատրոնն իր դռները բացեց 2016 թվականի դեկտեմբերի 13-ին արդեն ավանդույթ դարձած «Պեպո» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Արմեն Էլբակյան):

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ տարածաշրջանի ամենամեծ և բոլոր չափորոշիչներին համապատասխանող դրամատիկական թատրոններից մեկն է: Այն միշտ ունեցել և ունի հարուստ և բազմաբևեռ խաղացանկ, շուրջ 60 հոգուց բաղկացած ստեղծագործական կազմ:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ Ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, տնօրենը՝ Վարդան Մկրտչյանը: