Նորություններ

Հայտնաբերվել են աստվածաշնչյան անուններով հազվագյուտ կնիքներ

Ուշագրավ 2019-09-04

Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում, հնագետները կավե և քարե հազվագյուտ կնիքներ են հայտնաբերել, որոնց վրա աստվածաշնչյան անուններ են նշված։ Ենթադրվում է, որ դրանք ստեղծվել են մ.թ.ա. 6-րդ դարում՝ հին բաբելոնացիների կողմից Երուսաղեմը կործանելու տարիներին: Հայտնի է, որ հին ժամանակներում նման կնիքներն օգտագործվել են փաստաթղթերը կամ առարկաները վավերացնելու նպատակով: Մեկ սանտիմետրանոց և 2600 տարի առաջվա քարե կնիքի վրա հայտնաբերվել է հին եբրայերենով արված «պատկանում է Նաթան-Մելեխին՝ թագավորի ծառային» գրությունը: Աստվածաշնչի գրքերից մեկում Նաթան-Մելեխը ներկայացվում է որպես Յոսիա թագավորի արքունիքի պալատական: «Չնայած անհնար է հստակ ասել՝ արդյոք Աստվածաշնչում հիշատակված անձը որևէ կապ ունի կնիքի տիրոջ հետ, սակայն չի կարելի անտեսել նրանց կապող որոշ հանգամանքներ»,- նշել է Երուսաղեմի եբրայական համալսարանի Հին Երուսաղեմի ուսումնասիրության կենտրոնի ներկայացուցիչ Անաթ Մենդել-Գեբերովիչը, ով վերծանել է գրությունները: Մյուս կնիքի վրա հայտնաբերվել է նմանատիպ գրություն, որը նույնպես կարելի է որոշակիորեն կապել Աստվածաշնչում հիշատակված անձանցից մեկի՝ Մաթանյահուի հետ: Հայտնի է նաև, որ Իսրայելում հնագետները շարունակում են ուսումնասիրել երկրի տարածքը և պատմական բացահայտումներ անել: Վերջին տարիներին այնտեղ տարբեր հնագիտական պեղումների շրջանակում մի շարք բացառիկ գտածոներ են հայտնաբերվել, որոնք կարող են օգնել գիտականներին նոր մանրամասներ բացահայտել տարածքի հազարամյա պատմության վերաբերյալ: Աղբյուրը՝ Tert.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: