Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
«Երևան 2800» գորգ

    «Երևան 2800» գորգը գործել են «Մեգերյան կարպետ» ընկերության գորգագործները (նկարիչ - ձևավորող՝ Նաիրա Մխիթարյան): Նշենք, որ բնական հումքով, բրդյա թելերով գործված գորգի լայնությունը 4մ է, երկարությունը՝ 7մ: Այն ինքնատիպ նվեր է մայրաքաղաքին՝ 2800-ամյա հոբելյանի առթիվ: Գորգի ստեղծման մեկնարկը տրվել է 2017 թ.: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2018 թ. մայիսի 19-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում, «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակում: Հոբելյանական գորգի կենտրոնական դաշտում պատկերված են Երևանի ծննդյան վկայական ուրարտական սեպագիր արձանագրությունը,  աջ ու ձախ կողմերում՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան, նոր Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և Հայաստանի 12 մայրաքաղաքները ներկայացնող զարդանախշերի տարրեր: Կենտրոնական դաշտի, վերին եզրում՝ ձախ ու աջ կողմերում, պատկերված են Խալդ աստվածն՝ առյուծի վրա և ժամանակակից  Երևանի զինանշան առյուծը՝ թագը գլխին: Դաշտի ստորին եզրում, ուրարտական որմնանկարների օրինակով, պատկերված են զինվորների և աշխատավորների խմբեր:    Կենտրոնական դաշտն ամփոփում է Կենաց ծառ խորհրդանշող պատկերը, որը ճյուղավորվելով և շարունակվելով դեպի վերև՝ դառնում է սոսու տերև:  Եզրագոտու  մեջ պատկերված են Երևանի խորհրդանիշ կարևորագույն պետական, մշակութային և հոգևոր շենքեր: