Երևան քաղաքի պատմության թանգարան
Մեր մասին

ՃԱՆԱՉԵԼՈՎ

ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ


 Երևանը Հայաստանի Հանրապետության և աշխարհի ողջ հայության մայրաքաղաքն է: Այն ճանաչելու տարբեր եղանակներ ու միջոցներ կան. կարդալ համապատասխան գրականություն, դիտել ճանաչողական հեռուստահաղորդումներ և ֆիլմեր, պարզապես զբոսնել քաղաքի հին ու նոր փողոցներով և կանաչապատ պուրակներով: Մինչդեռ  Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանի մասին ամբողջական ու սպառիչ պատկերացում կարելի է ստանալ միայն մեկ տեղում՝ դա Երևան քաղաքի պատմության թանգարանն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են մեր հեռավոր անցյալն ու ներկան:

Այժմ մի փոքր մեր թանգարանի մասին: Թանգարանը գտնվում  է Երևանի կարևոր քաղաքաշինական առանցքում՝ գրեթե քաղաքի մուտքի մոտ՝ «Զվարթնոց» միջազգային   օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին՝ Արգիշտի I-ի անունը կրող փողոցում: Ուշագրավ է ոչ     միայն  թանգարանի գտնվելու վայրը, այլև թանգարանի շենքնը, որը Երևանի  քաղաքապետարանի հետ կազմում է մեկ ընդհանուր  ճարտարապետական համալիր: Այս կարևոր հանգամանքը այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու Երևանի կարևորագույն վարչական շենքերից մեկին՝ քաղաքապետարանին: Համալիրը կառուցված է  հայկական դասական ճարտարապետության լավագույն ավանդույթներով (ճարտարապետ Ջ. Թորոսյան, 2004թ.) և հանդիսանում է  մոնումենտալ հուշարձան՝ նվիրված Հայաստանի 12 պատմական մայրաքաղաքներին, որոնց անվանումները փորագրված են շինության առջև վեր խոյացող  սյուների վրա:

Թանգարանը հիմնադրվել է 1931թ.-ին և միայն 2005թ.-ին է հաստատվել այս ճարտարապետական համալիրում: Այսօր այն հանրապետության առաջատար մշակույթային օջախներից մեկն է: Թանգարանի նոր ցուցադրությունը, որի հանդիսավոր բացումը կայացել է 2007թ.-ի ապրիլի 3-ին, ներառում է 3 սրահ: Թանգարանում պահվում է ավելի քան 90 հազար ցուցանմուշ:

Առաջին սրահում   այցելուների ուշադրությունը գրավում է հին Երևանի  մանրակերտը, որը 3D պրոյեկցիայի շնորհիվ կենդանություն է ստանում. քաղաքը սկսում է ապրել իր առօրյայով, լսվում են եկեղեցիների զանգերի ղողանջները, փողոցներում շրջում են կառքերն, աշխուժանում է Անգլիական այգին, Երևանի պատմական բերդը, Ղանթարի շուկան իր քարավանատներով:

Երկրորդ սրահում  ներկայացվում է Երևանի պատմությունը նոր շրջանում: Այստեղ կարելի է տեսնել Երևանի բերդի հյուսիսային դարպասի բանալիները, 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը լուսաբանող ցուցանմուշներ, ինչպես նաև քաղաքացիների կենցաղն ու մշակույթը ներկայացնող բազմազան իրեր:

Երրորդ սրահում ներկայացվում է Երևանը՝ որպես 3 հանրապետությունների մայրաքաղաք: Այցելուների համար կան եզակի ուշագրավ նմուշներ՝ 1894թ-ի հայկական կոնյակը, Հ. Բեկնազարյանի կինոապարատը, Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, որի հեղինակն է Ալ. Թամանյանը: ԵՔՊԹ-ում են ցուցադրվում նաև Երևանի  խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը, Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան՝ հայոց մայրաքաղաքների անվանատառերով:

Սիրելիʹ dasaran.am-ցիներ, սիրով սպասում ենք ձեզ ԵՔՊԹ-ում: Համոզված ենք, որ մեր թանգարան այցելելուց հետո Երևանը կբացի ձեր առջև իր մեծ ու փոքր գաղտնիքները: