Երևան քաղաքի պատմության թանգարան
ԵՐԵՎԱՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
Լևոն Հակոբջանի Տիգրանյան

19-րդ դարում Երևանում ապրած և աշխատած ականավոր բժիշկների թվում պատվավոր տեղ է զբաղեցնում բժիշկ, հասարակական  գործիչ Լևոն Տիգրանյանը: Նա նշանակալի ներդրում ունի հայ բժշկության, առողջապահության բնագավառում: Նրա անունը սերտորեն կապված է հատկապես Երևանի կյանքում կատարված առաջադիմական բարեփոխումների հետ: Իր մասին կենսագրական տեղեկություններ նա թողել է <<Իմ օրագիրը>>  վերնագրով ձեռագիր հիշատակարանում: Լևոն Տիգրանյանը ծնվել է 1842թ. նոյեմբերի 19-ին, Երևանում:

Լևոն Տիգրանյանն առաջին հայ բժիշկն է, ով առաջ է քաշել կանխարգելիչ՝ պրոֆիլակտիկ բժշկության հիմնախնդիրը: Այդ առումով նա կարևորել է բնակչության սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը: Տիգրանյանն անձամբ գծագրում է անվավոր, փակ և հարմար աղբի տարաների օրինակներ, որպիսիք այսօր էլ կարելի է տեսնել մեր քաղաքի փողոցներում: Լևոն Տիգևանյանի ջանքերով Երևան է հասցվում Բաշ գյուղի քառասուն աղբյուրների ջուրը: Բնակչությանը բժշկության նորույթներին իրազեկ դարձնելու նպատակով Տիգրանյանը հաճախ դասախոսություններ է  կարդում առողջապահական տարբեր թեմաներով: 1881թ. հուլիս ամսից Լ. Տիգրանյանն սկսում է հրատարակել <<Առողջապահական թերթ>> ամսագիրը: Այդ ամսագրում տպված հոդվածները և աշխատությունները նպատակ էին հետապնդում լայն զանգվածներին իրազեկ դարձնելու բժշկության բնագավառում կատարվող նորություններին:

Լևոն Տիգրանյանը Երևանում առաջին բուժարանի և հիվանդանոցի կազմակերպիչն ու նախաձեռնողն էր: Նա մի քանի այլ բժիշկների հետ միասին որոշում է նյութապես անապահով բնակիչներին անվճար սպասարկել:Երևանյան բժիշկների սկսած պայքարը դրական ավարտ է ունենում տարիներ անց. 1890թ. հոկտեմբերի 17-ին բացվում է բուժարան-հիվանդանոցը՝ երթևեկ հիվնադների համար: Աղքատ դասին բուժօգնությունը և դեղերը տրվում էին անվճար. բուժարանին կից գործում էր դեղատուև:

Լ. Տիգրանյանի անմիջական մասնակցությամբ զգալի առողջապահական բարեփոխուներ են իրականացվել քաղաքում, նա ուրույն հետք է թողել Երևանի կյանքում:

Լ. Տիգրանյանը վախճանվել է 1906թ. փետրվարի 16-ին, 64 տարեկան հասակում: