Երևան քաղաքի պատմության թանգարան
ԵՐԵՎԱՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
ՄԿՐՏԻՉ ԹԱԴԵՎՈՍԻ ՄՈՒՍԻՆՅԱՆՑ

Հին Երևանի արդյունաբերական և քաղաքական կյանքի նշանավոր դեմքերից էր Մկրտիչ Թադևոսի Մուսինյանցը: Նա Հայաստանում հողագործության, գինեգործության զարգացման նվիրյալներից էր, ակտիվ քաղաքական, հասարակական գործիչ և բարերար: Մուսինյանցների ընտանիքը հին Երևանի հայտնի և հարգված ընտանիքներից էր: Մկրտիչ Մուսինյանցն ընտանիքի երկրորդ երեխան էր: Նա ծնվել է 1868թ. հունվարի 14-ին Երևանում՝ Կոնդ թաղամասում:

1892թ. հոկտոմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի տեր Ներսես Թաիրովի ու նրա գործընկեր Ալեքսանդր Օգանովի հրավերով Մյուսինյանցն աշխատանքի է անցնում գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ: Տեսնելով և գնահատելով նրա գիտելիքների խորությունը՝ երկու տարի անց՝ 1894թ., նրան նշանակում են գործարանի կառավարիչ: 1899թ. սեպտեմբերի 1-ին Ն. Թաիրովն ու Ա. Օգանովը վաճառում են իրենց գործարանը մոսկովյան <<Ն. Շուստով և որդիներ>> ֆիրմային. նույն պաշտոնում ծառայության է անցնում նաև Մուսինյանցը: Ն. Թաիրովից Շուստովներին անցնելուց հետո գործարանում շատ բան է փոխվում: Մուսինյանցի նախաձեռնությամբ բերվում են ֆրանսիական ագրեգատներ, ավելանում է աշխատողների թիվը: