Երևան քաղաքի պատմության թանգարան
ԵՐԵՎԱՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
ԳԵՂԱՄՅԱՆՆԵՐ


Գեղամյանների ազնվականական տոհմի պատմությունն սկսվել է անցյալ դարերից: Նրանք ներկայացրել են հայ ազնվականական տներից մեկը 18-19-րդ դարերում: Բարսեղ (Վասիլ) Գեղամյանը եղել է իր տոհմի ամենանշանավոր դեմքը: Ծնվել է Երևանում, սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում: Նա  Երևանի քաղաքային դումայի իրավասուների ընտրություններում առաջադրվել է առաջին կարգի ցուցակում և ընտրվել, որից հետո ծավալել է ակտիվ գործունեություն: Բ. Գեղամյանը եղել է Երևանի բարեգործական ընկերության վարչության անդամ: 1884թ. հունիսին Երևանի քաղաքային դումայում Բ. Գեղամյանն ընտրվել է  Երևանի քաղաքագլուխ: Վերջինս որպես քաղաքագլուխ հենց սկզբից մեծ ուշադրություն է դարձրել Երևանի փողոցների մաքրությանը և լուսավորությանը: Բ. Գեղամյանը, մյուս մեծահարուստների թվում, Գայանյան օրիորդաց դպրոցի օգտին ընծայաբերել է 100 ռուբլի՝ ի հիշատակ իր եղբոր: Նա վերընտրվել է որպես քաղաքագլուխ և մնացել այդ պաշտոնում մինչև 1894թ.: