Երևան քաղաքի պատմության թանգարան
ԵՐԵՎԱՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
Մելիք-Աղամալյաններ

                                                      

Երևանի մելիքական տոհմերի մեջ ամենահայտնին Մելիք-Աղամալյանների տոհմն էր, որը հիշատակվում է 17-րդ դարից: 18-րդ, 19-րդ դարերում ու 20-րդ դարասկզբին տոհմը տվել է վառ արտահայտված դեմքեր, որոնց անունը սերտորեն կապված է նշված դարերի Երևանի պատմության հետ:

Իսահակ Մելիք-Աղամալյանը 1898-1904թթ.  եղել է Երևանի քաղաքագլուխը: Իր պաշտոնավարման տարիներին Իսահակ Մելիք-Աղամալյանը կատարել է բազմաթիվ կարևոր աշխատանքներ: 1903թ. նա կնքում է պայմանագիր Երևանում քաղաքային ջրատար անցկացնելու մասին: 1911թ. Քառասուն աղբյուրների ջուրը նորակառույց ջրմուղով հասնում է Երևան:

Եռանդուն քաղաքագլուխ Իսահակ Մելիք-Աղամալյանի անմիջական նախաձեռնությամբ Անգլիական այգին ենթարկվում է հիմնական վերակառուցման: Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվում են Իսահակի եղբոր՝ Իվան Մելիք-Աղամալյանի քաղաքագլխության տարիներին:

1903թ. մայիսի 2-ին Երևանի քաղաքային վարչությունն Իսահակ Մելիք-Աղամալյանի գլխավորությամբ հանձնարաում է ներքին գործերի նախարարությանը վերահսկել Երևան քաղաքում ձիաքարշ անցկացնելու գործընթացը:

Իր քաղաքագլխության օրոք Իսահակ Մելիք-Աղամալյանը կատարել է բազմաթիվ հանրօգուտ գործեր: Այն համակրանքը և հարգանքը, որ վայելում էր Իսահակը, թե իբրև քաղաքացի, թե իբրև հասարակական գործիչ, արտահայտվեց նրա թաղման օրը: Նրա դագաղի ետևից գնում էր մարդկային բազմություն  առանց ազգի ու կրոնի խտրության, որը լցրել էր փողոցներն ու հրապարակները: