Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Գլխի հարդարանք, գլխարկ

Հայկական տարազի թեման շարունակելով՝ այս անգամ ուզում եմ ձեզ պատմել գլխի հարդարանքի ու գլխարկի մասին: Գլխի հարդարանքը տարազի կարևորագույն մասերից է: Այն նաև սոցիալական ցուցիչ է, քանի որ լավագույնս է դրսևորում անցումը սոցիալական մի խմբից մյուսին: Հայոց մեջ գրեթե ամենուր մինչև 13-14 տարեկան աղջիկները գլխաբաց էին, որից հետո գլխաշոր էին գցում: Կանանց գլխի հարդարանքին հատուկ կարևորություն էր տրվում: Հավատում էին, որ գլխի հարդարանքը ապահովում է տան բարեկեցությունը, ամուր ու հաստատուն պահում տունն ու ընտանիքը: Կնոջ գլուխը ծածկելու սովորույթը կապված է մազերը թաքցնելու հետ, քանի որ ժողովրդական ընկալմամբ մազերն օժտված են մոգական զորությամբ: Մազերը թաքցնելու սովորույթի հիմքում ընկած է այն մտայնությունը, թե գլխաբաց կինը կարող է դժբախտություն բերել:  Հայոց կենցաղային սովորություններում հաճախ գլխարկը փոխարինում էր տիրոջը: Այս դեպքում կարևոր դեր էր վերագրվում տղամարդու գլխի հարդարանքին: Պատահում էր, որ փեսացուի բացակայության դեպքում նրա գդակը մի ձիու գլխին գցած հարսի հետ տանում էին եկեղեցի, որտեղ կատարում էին ամուսնության խորհուրդը: Տղամարդու համար գդակ-գլխարկը զուգորդվել է տղամարդկային արժանապատվության հետ: