Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Մշո Ճառընտիր

Գիրը և գիրքը միշտ էլ սրբություն են եղել հայ ժողովրդի համար: Դարեր շարունակ մենք  մեծ խնամքով պահել և պահպանել ենք մեր հոգևոր արժեքները՝ հաճախ վտանգելով կյանքը:

Սիրելի dasaran.am-ցիներ ձեզ եմ ներկայացնում ցեղասպանությունը վերապրած «Մշո Ճառընտիր»-ի պատմությունը:

Այն  ինձ պատմել է իմ տատիկը, որի արմատները տանում են դեպի Մուշ:

Ճառընտիրը պատրաստվել է 1200-1203թթ. ընթացքում, Երզնկայի Ավագ Վանքում: Ձեռագիրը գրված է երկաթագրով, եռասյուն, մագաղաթի վրա, ունի առավել  քան 660 թերթ: Բովանդակությունը ներառում են ընտիր ճառեր, քարոզներ ու խրատներ, սուրբգրային հատվածներ և մեկնություններ:

Նոր էր ավարտվել ձեռագրի գրչությունը, երբ թուրքական զորքը հարձակվում է Կարնո շրջանի վրա՝ ավիրելով ամեն ինչ: Մահմեդական դատավորը, տիրանալով այս հսկա ձեռագրին և հասկանալով, թե դա ինչ անգին գանձ է հայության համար,այն  դնում է վաճառքի: Ձեռագիրը գնելու համար Մշո Սուրբ Առաքելոց վանքի վանահայր Եսայի Եպիսկոպոսը  Մուշի և շրջակայքի բնակիչներից հանգանակություն է հավաքում:1205թ. Ճառընտիրը գնվում և տեղափոխվում է Սբ. Առաքելոց վանք՝ այնտեղ մնալով ընդհուպ մինչև 1915թ.:1915թ.-ի եղեռնալից օրերին, կոտորածից փրկված երկու կանայք (հնարավոր է քույրեր) վերցնում են Մշո հսկային: Ծանր լինելու պատճառով ( կշռում է 30 կգ) երկու մասին են բաժանում և տանում իրենց հետ: Մի մասը ճանապարհին թողնում են  Էրզրումի եկեղեցու բակում, իսկ մյուսը հասցնում Արևելյան Հայաստան:

Այսօր ձեռագրի երկու հատվածներն էլ որպես վերապրած ձեռագրերի խորհրդանիշ պահվում են Մաշտոցի անվան Մատենադարանում:

2013թ., երբ Երևանը  հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք, պատրաստվեց Մշո Ճառընտիրի քանդակը (hեղինակ Հերիքնազ Գալստյան): Երևանի քաղաքապետ պարոն  Տարոն Մարգարյանը գնել է այդ քանդակը և նվիրել Երևան քաղաքի պատմության թանգարանին: