Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Ուտիս տատը և Պաս պապը

Հայկական ծիսական տիկնիկներ Ուտիս տատը և Պաս պապը ներքին խորհրդանաշական և իմաստային կապ ունեն միմյանց հետ: Նրանց ծիսական իմաստն ու դերը ամբողջանում է այն տոների և ծեսերի համալիրում, որտեղ էլ հայտնվում են այս տիկնիկները. Ուտիս տատը` Բարեկենդանին, Պաս պապը` Մեծ Պասին:

Ուտիս տատը կնոջը կերպարանավորող, գզգզված, քրքրված տիկնիկ էր, որ Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած` վռնդում էին՝ ներս հրավիրելով Պաս պապին: Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Մեծ Պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և Պաս օրերի շրջանը: Ուտիս տատը և Պաս պապը գտնվում են մշտական ծիսական պայքարի մեջ: Նրանց վեճն արտահայտվում է Լոռվա բանահյուսության հետևյալ պատառիկի մեջ`«Տատը գնաց շերեփը ձեռքին, պապը եկավ չոմբախն ուսին»: Սովորաբար տան ամենատարեց կինն էր բոլորից թաքուն պատրաստում Ակլատիզը: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած, որոնք խորհրդանշում էին Պասի յոթ շաբաթները: