Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Գարեջրի անոթներ

Հայերը խաղողագործությամբ ու գինեգործությամբ զբաղվել են շատ վաղուց, հազարամյակներ առաջ: Այդ մասին են վկայում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված խաղողի կորիզները, գինու չորացած հետքերով սափորներն ու կարասները: Ուրարտական խեցեղենի մեջ առանձնանում են սիգարաձև անոթները, որոնք ծառայել են գարեջրի պատրաստման համար: Նրանք գրեթե զարդանխշված չեն: Գարեջուր խմելու համար օգտագործվել են եղեգնի սնամեջ ցողուններ: 2400 տարի մեզանից առաջ Հայաստան այցելած հայտնի հույն զորավար և պատմիչ Քսենոփոնն իր «Անաբասիս» կամ «10000-ի նահանջը» աշխատության մեջ պատմում էր Հայաստանի գինիների ու գարեջրի մասին, որոնք խմում էին գետնի մեջ թաղված կարասներից՝ եղեգնի ձողերի օգնությամբ: Քսենոփոնի վկայությամբ գարեջուրը, որի երեսին լողում էին գարու հատիկներ, շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր: