Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Հարսանեկան հագուստ (19-րդ դարի վերջ, Երևան)

              Հարսնացուի զգեստ կրելը ողջ աշխարհում բազմաթիվ աղջիկների նվիրական երազանքներից մեկն է, այնպես չէ՞: Կան նման զգեստների անթիվ ու անհամար ոճեր և տեսակներ, որոնցից մեկն էլ ցուցադրվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում: Այն թվագրում է 19-րդ դարի վերջ և պատկանել է երևանցի հարսնացուի: Հետաքրքրե՞ց, եթե այո, ապա շարունակեք կարդալ: Կարծում եմ կհամաձայնեք, որ հարսանեկան արարողությունը, մասնավորապես հարսի հագուստն ու արդուզարդը հետաքրքաշարժ, հաճելի, նաև շատ նուրբ ու գրավիչ թեմա է բոլոր ժամանակների համար: Այն հատկապես գրավում է ապագա հարսնացուներին, ովքեր, շրջելով համարյա բոլոր հարսանյաց սրահներում, ինչպես նաև առցանց որոնումներ կատարելով, փորձում են ընտրել հարսանեկան ամենագեղեցիկ գեստը, որպեսզի լիարժեք դարձնեն իրենց համար այդքան կարևոր ու բախտորոշ օրը:

             Սիրելիʹ dasaran.am-ցիներ, իսկ դուք գիտե՞ք, որ հնում հարսանեկան հագուստն ունեցել է ոչ միայն գեղագիտական դեր, այլև ծիսական և նշանային գործառույթ:

            Երևանում հարսը հագել է մետաքսյա, փղոսկրեգույն, ծաղկանախշերով կտորից զգեստ կրկնակի թևերով: Դրա հետ կրել է փղոսկրեգույն բուսանախշ կրծկալ և գոտի-գոգնոց, սպիտակ ժանեկազարդ գլխաշոր-քող, սպիտակ գուլպաներ և ասեղնագործ ոտնամաններ:  Հարսնացուն ճակատին ու պարանոցին կրել է ոսկե դրամաշար, գարու հատիկաձև խոշոր ուլունքներ, ոսկե շղթայի վրա անցկացված նշաձև զարդեր:

            Քողը համարվել է մաքրության և ամոթխածության խորհրդանիշ: Միայն փեսան իրավունք ուներ այն բարձրացնել, այլապես դա  նրա հանդեպ վիրավորանք կհամարվեր:  Քողը միաժամանակ դիտվում էր որպես պաշտպան չար աչքից: Հավանաբար այդ պատճառով նորահարսը այն պարտադիր կրում էր ամուսնությունից հետո 40 օր շարունակ:

            Գոտին համարվում էր մոգական շրջանակ, որը պահպանում էր կրողին ամեն տեսակ չար աչքից ու փորձությունից: Հարսի գոտի կապելը հատուկ արարողություն էր, որ հարսանեկան ծիսակատարության կարևոր մասն էր կազմում: Հարսանիքին պատրաստվելու ընթացքում մեծ նշանակություն ուներ նաև «բոյչափեք»-ի ավանդույթը: Քանի որ հարսնացուի հարսանեկան շորերը տղայի կողմն էր պատրաստում, ուստի այն ձևելու և կարելու նպատակով հարսանիքին նախորդող մի օր տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք, ովքեր հյուրասիրվում էին փեսացուի մոր կողմից: Որոշ ժամանակ անց նրանցից մեկը կամ երկուսը՝ մի թաշկինակի մեջ չոր մրգեր լցրած (որոշ տեղերում մի կտոր շաքարի վրա կանաչ-կարմիր թելեր փաթաթած և մի զարդ կամ դրամ վերցրած), գնում էին հարսնացուի տուն: Իրենց հետ բերածը տալիս էին հարսնացուին, նրա չափսը (կանաչ,կարմիր թելերով) վերցնում և վերադառնում:

            Տղայի տանը մի սպիտակ սավան էին փռում սենյակի հատակին և քաղցրեղեն շաղ տալիս վրան: Հետո բերում էին զգեստի կտորը, և փեսայի մայրը ներկաներին հրավիրում էր՝ հարսնազգեստը ձևելու: Կանայք հերթով մոտենում էին, մկրատի ծայրով մի քիչ կտրում զգեստի կտորը՝ ասելով. «ՈՒրախ մաշի», որից հետո ձևող կինը մկրատը դնում էր կտորին և ասում. «Մկրատը չի կտրում»: Փեսացուի մոր կողմից մի նվեր ստանալուց հետո կտրում, ձևում էր և բաժանում բարեկամ կանանց՝ կարելու: Նույն օրը նաև փեսացուի հարսանեկան շորերն էին կարում:  

           Հանդեսի վերջում շաղ տված քաղցրեղենը բաժանվում էր հյուրերին: Սիրելիʹ ընթերցողներ, այս դեպքում դուք նույնպես կարող եք օգտվել հարսանեկան քաղցրավենիքից: