Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Բարեկամության Ձեռքեր

Կարծում եմ շատ քչերին է հայտնի Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրած «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի պատմությունը:

Երևանն ունի 20 քույր քաղաք: Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ: Համագործակցության առաջին արձանագրությունը կնքվել է Կարարա (Իտալիա) քաղաքի հետ:

 1965թ. Կարարա քաղաքում կազմակերպվում է միջազգային   խոշոր մշակութային միջոցառում, որին Երևանից մասնակցում է երիտասարդ քանդակագործ Արա Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցելու ժամանակ Արա Հարությունյանը և մի խումբ այլ քանդակագործներ այցելում են Կարարայի նշանավոր մարմարի քարհանքը, որտեղ քանդակագործը նկատում է մի խոշոր արձանի հատվածներ: Նրա ուշադրությունը հատկապես գրավեցին  ձեռքերը: Ինչպես պարզվեց դա  Հիսուս Քրիստոսի ապագա արձանն է, որը քանդակագործը չի ավարտել հովանավորներ չունենալու պատճառով:

Հետագայում Կարարայի քաղաքապետարանը մեծագույն հաճույքով այդ ձեռքերի կրկնօրինակը ուղարկում է մեզ  որպես բարեկամության խորհրդանիշ:

Կարարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին գրում է Երևանի իր գործընկորոջը. «ՈՒրախ եմ տեղեկացնելու, որ երկաթգծով Ձեզ եմ ուղարկում սպիտակ մարմարից քանդակված մեծ ձեռքեր պարունակող երկու արկղ:Կարարա քաղաքի կողմից արվող այդ նվերը կդառնա բարեկամության խորհրդանիշ: Հուսով եմ , որ այն անվնաս տեղ կհասնի ու վստահ  եմ, որ Երևանի բնակիչները կհավանեն կարարացիների նվերը»:

Մարմարյա երկու ձեռքերը, որոնք ավելի քան երկու մետր են, ոչ այլ ինչ են, քան Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակը:

Հասնելով Երևան, քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի օղակաձև զբոսայգում:1965թ.-ին տեղի է ունենում «Բարեկամության ձեռքեր» արձանի պաշտոնական բացման արարողությունը, և այդ օրվանից բարեկամության խորհրդանիշը մեր քաղաքի անբաժանելի մասն է կազմում: