Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Ջրավաճառ տղան

Այսօր արդեն շատ դժվար է պատկերացնել կյանքն առանց ջրի: Բայց արի ու տես, որ դեռևս հարյուր տարի առաջ Երևանը լրջագույն խնդիրներ է ունեցել ջրամատակարարման հետ: Թեպետ հարցի լուծման համար սկսել են զբաղվել դեռևս 1870-թ.ից սկսած: Ծրագրի ֆինանսավորումը իրենց վրա վերցրեցին քաղաքի մի քանի մեծահարուստ ընտանիքներ:

    Հին Երևանում քաղաքացիները ոռոգման և տնտեսական օգտագործման համար օգտվում էին Հրազդան գետի ջրից: Երևանցիների մեծ մասը, հատկապես հարավարևելյան թաղերի բնակիչները օգտագործում էին Գետառի ջուրը,  որը անհամեմատ մաքուր էր: Բայց փաստը մնում էր փաստ, որ ջրի պատճառով Երևանում շատ էին ինֆեկցիոն  հիվանդությունները:

    1910թ.-ին  ջրմուղի գործը գլուխ բերելու համար Աֆրիկյանների և Թամամշյանի ֆինանսավորմամբ ստեղծվում է 14 հոգուց բաղկացած փայատիրական  ընկերություն՝  «Երևանի ջրմուղի ընկերությունը»:  Քաղաքային տեխնիկ  Միրզոևի գլխավորությամբ  սկսվում են շինարարական աշխատանքները: Օգտագործում են Քառասուն աղբյուրների ջուր,  որը մաքուր էր,  սառը և Գետառի ակունքներից  գտնվում է մոտ  19կմ  հեռու:  1911թ. դեկտեմբերի 23-ին նորակառույց  ջրմուղով  Քառասուն աղբյուրներից  ջուրը հասցվել է Երևան: Քաղաքի տարբեր մասերում տեղադրվել էին ծորակներ, իսկ  կենտրոնում կառուցվում  են ջրի ինը կրպակներ,  որտեղ ջուրը վաճառվում էր (դույլը տասը կոպեկ): Այնուհանդերձ, ամբողջությամբ հարցը չլուծվեց : Աղբյուրի մոտ հերթեր էին գոյանում, հատկապես ամառվա տապին: Այդպես գործ առաջացավ քաղաքի տղաների համար, որոնք օրվա հաց հայթայթելու համար  մի կուլա  կամ  մի գավաթ սառը ջուր էին վաճառում ծարավ մարդկանց:

    Գովազդային  ամենապարզ եղանակը երգն էր.

…Իմ կուլայով այս պուճուր

Ջուր եմ ծախում,սառը ջուր

Ջուր գնեցեք ,սառը ջուր,

Որ հաց առնեմ մի պուճուր…

   1970-ին,  երբ ջրի հարցը մայրաքաղաքում թերևս լուծվում էր, ջրավաճառ տղաի հիշատակին Կոմայգու հարևանությամբ կանգնեցվեց  Հովհաննես (Օնիկ)Բեջանյանի «Ջրավաճառ  տղան» բրոնզե արձանը:

    Արձանի բնորդն է եղել Գագիկ Գևորգյանը, ով ապրել է Բեջանյանի արվեստանոցի հարևանությամբ, ուր ամեն օր իր մայրիկի հետ անցնում էր իր դպրոցի ճանապարը, որտեղ էլ նրան նկատել էր քանդակագործը: Հաճախ փոքրիկ Գագիկը մտնում  էր արվեստանոց  և զմայլվում  վարպետի քանդակներով: Մի օր էլ քանդակագոծ Բեջանյանը Գագիկին խնդրում է բնորդ լինել «Ջրավաճառ տղայի» արձանը քանդակելու համար: Գագիկը մեծ սիրով համաձայնվում է, քանի որ շատ էր սիրում նրա քանդակները: Իսկ վերջում վարպետը նրան որպես պարգևավճար նվիրում է քանդակած Թումանյանի՝ իր քանդակած կիսանդրին:

   Անցան տարինե , Երևանում լուծվեց ջրի հարցը, և միայն ջրավաճառ տղայի արձանը հիշեցնում է անցած գնացած օրերի մասին, երբ դեռահաս տղաները ծախում էին սառը ջուր, որ հաց առնեն մի պուճուր: