Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Թեյշեբա աստծո արձանիկի առեղծվածը

Մարդկության պատմության մեջ լինում են դեպքեր, իրադարձություններ, որոնք դուրս են առողջ բանականության սահմաններից. դրանք դասվում են առեղծվածների շարքին: Այդպիսի առեղծված է ուրարտական պատերազմի աստված Թեյշեբայի արձանիկի հայտնաբերումը հնագետների կողմից:

Թեյշեբան Վանի թագավորության 100 աստվածներից երկրորդն էր: Ուրարտական պանթեոնում Թեյշեբան զուգակցվում էր ցլի պաշտամունքի հետ՝ խորհրդանշելով ուժ, հզորություն, պտղաբերություն, հողի բերրիություն, առատություն: Թեյշեբա աստծուն սովորաբար պատկերում էին ցլի վրա կանգնած: Մ.թ.ա. 7-րդ դարում ի պատիվ պատերազմի, հրո, փոթորկի աստված Թեյշեբայի՝ Ռուսա 2-րդ թագավորը կառուցում է մի քաղաք և կոչում Թեյշեբաինի:

Երևանի հնագույն վայրերից մեկում՝ Կարմիր բլուրում, 1941թ.-ին՝  հնագիտական պեղումների ժամանակ,  հայտնաբերվեց տղամարդու բրոնզաձույլ մի արձանիկ: Ինչպես հետագայում պարզվեց դա  պատերազմի ու տարերքի ուրարտական  հզոր աստված Թեյշեբայի արձանիկն էր, որին վիճակված էր 2500 տարի հողի մեջ մնալուց հետո դուրս գալ հենց այն օրը, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը (այս պատերազմին Խորհրդային Միության կազմում մասնակցեց նաև մեր երկիրը՝ Խորհրդային Հայաստանը):Թեյշեբա աստծո արձանիկի հայտնաբերման օրը հնագետների մոտ գրանցված էր 1941թ.-ի հունիսի 22-ը:

Թեյշեբա աստծո արձանիկը պահվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում: Իսկ թե ում արձանիկն է դրված Թեյշեբայի կողքին, կտեսնեք, եթե այցելեք մեր թանգարան: