Մշակույթ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի

ավելին

ՄԱՐՏ 21-ԻՆ, ԺԱՄԸ 13:00-ԻՆ ԳԱՌՆԻՈՒՄ ԾԻՍԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ Է
«Արորդիների Ուխտ»-ը և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է մասնակցելու միջոցառմանը: Կնշվի Ամանորն ու Վահագնի ծնունդը: Հեթանոս հայերը առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին:

Մինչ բուն տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի ներկայացուցիչները փոքր խմբով արևածագը կդիմավորեն արգելոց-թանգարանի տարածքում:

Տոնական արարողության ամենաուշագրավ մասերից մեկն էլ՝ ծիրանենու զարդարումն է: Հին Հայաստանում այն Կենաց ծառի խորհրդանիշ է եղել: Միջոցառման մասնակիցները ցանկություն կպահեն ու եռագույն ժապավեններով կզարդարեն արգելոց-թանգարանի տարածքում շուրջ 20 տարի առաջ տնկված ծիրանենին:

Միջոցառումը կշարունակվի երաժշտությամբ, Գառնի համայնքի մշակույթի պալատի սաների երգ ու պարի կատարումներով: Ներկաներին կբաժանվեն արևխաչերով տարեհաց ու մեկական ումպ գինի:

19 մարտի, 16:38

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է «ՄԵԾԱՄՈՐ»-Ի ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՆԱԽԱԳԾԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ Մ. ՄԱՆՈՒԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Համաշխարհային կարևոր նշանակություն ունեցող Մեծամոր հնավայրի հայտնաբերման, ուսումնասիրության գործում անգնահատելի ավանդ ներդրած վաստակաշատ երկրաբան, հնագիտական պեղումների համաղեկավար Կորյուն Մկրտչյանի առաջարկով Մեծամորում թանգարան ստեղծելու հիմք է դրվել: Շենքի կառուցումը 1968-69 թթ. նախագծել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մակաբե Մանուելյանը: Թանգարանի շենքի բացումը տեղի է ունեցել 1970 թ.:Այսօր՝ փետրվարի 28-ին լրանում է անվանի ճարտարապետի ծննդյան 90-ամյակը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում Մ. Մանուելյանի գործունեությանը նվիրված միջոցառում է նախատեսվում անցկացնել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

28 փետրվարի, 16:57

ՎԵՐՆԱՇԵՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՄԵԼ ԵՆ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հանրակրթական դպրոցների հետ համագործակցության համատեքստում ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները, բազմաբնույթ միջոցառումներ են անցկացնում կրթօջախներում՝ բաց դասեր, ցուցահանդեսներ, վիկտորինաներ, էքսկուրսիաներ` ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքներ:Օրերս Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների համար՝ «Կորուսյալ արժեքներ. Նախիջևանի հուշարձանները» թեմայով բաց դաս է անցկացվել:
«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը դպրոցականներին պատմել է Նախիջևանի հուշարձանների ու ադրբեջանցիների կողմից դրանք բարբարոսաբար ոչնչացնելու մասին:

28 փետրվարի, 16:55

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ ՀՆԱՎԱՅՐԻ ԱՎԵՐՎԱԾ ԴԱՄԲԱՐԱՆԻՑ ՊԵՂՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ
«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում նախորդ տարի շարունակվել են հնագիտական արշավախմբի պեղումները: Զորաց քարեր հնավայրի շատ տարիներ առաջ թալանված դամբարանի պեղումներից հայտնաբերված շուրջ 3000 բեկոր մաքրել ու դասակարգել են «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցները:

28 փետրվարի, 16:51

ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԶԵԿՈՒՅՑ՝ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանում անցկացվել է ամենամյա «2019 UCLA Armenian Studies Graduate Student Colloquium» միջազգային գիտաժողով, որին մասնակցել է ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը: Նա ներկայացրել է իր թեկնածուական ատենախոսությունից մի հատված, որն առնչվում է մուսալեռցիների ինքնության փոխակերպման ընթացքին: Խորեն Գրիգորյանը տևական ժամանակ է զբաղվում է մուսալեռցիների պատմության, ինքնապաշտպանական մարտերից հետո ինքնության զարգացումների ու նրանց՝ Այնճար տեղափոխման ընթացքի ուսումնասիրությամբ:ՊՈԱԿ-ի ազգագրագետը նույն թեմայով հրավիրված դասախոսություն է կարդացել նաև հայկական ARPA գիտահետազոտական ընկերության մասնակիցների համար, հանդիպումներ ունեցել՝ Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացի հայագիտության ամբիոնի վարիչ Փիթեր Քոուի և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, ճանաչված գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանի հետ:

28 փետրվարի, 16:15

ԳՐՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շարքում հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը: Իր հարկի տակ հաճախակի դպրոցականներին հյուրընկալող «Զվարթնոց»-ի աշխատակիցներն իրենք են հյուր գնացել: Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի IV դասարանի աշակերտների համար՝ «Գրքերը մեր լավագույն բարեկամներն են» խորագրով բաց դաս են անցկացրել:Գրքի ու գիտելիքի կարևորության մասին խոսել են կրթօջախի տնօրենը, մանկավարժները, ‹‹Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչի տեղակալ Լարիսա Հարությունյանը, ֆոնդապահ Մարինե Պարսամյանը: Դպրոցականներին ներկայացվել է գիրք ընթերցելու կարևորությունը, մեջբերումներ են արվել հեղինակավոր գրողների խոսքերից:

28 փետրվարի, 16:11

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ
Հայաստանի Պատմության թանգարանի ղեկավարության հրավերով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի հաշվառման ու պահպանման բաժնի գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը տևական ժամանակ «աշխատում» է թանգարանի մարդաբանության ֆոնդում: Հասմիկ Սիմոնյանը գործընկերների հետ կիսվում է մասնագիտական հարուստ փորձով:
Նպատակը՝ մարդաբանության ֆոնդը դասակարգելը, հաշվառելը, փաթեթավորելն ու համապատասխան արկղերում տեղադրելն է:Դրանք Հայաստանի տարբեր հնագիտական հուշարձանների՝ Լճաշենի, Հոռոմի, Արթիկի, Ակունքի, Մրթբի-ձորի պեղումների արդյունքում հայտնավերված գանգաբանական ու ոսկրաբանական հավաքածուններն են:
«Մարդաբանության ֆոնդի համար հատուկ զետեղարան կա, որը համապատասխանում է ֆոնդը պահելու բոլոր չափորոշիչներին: Հայաստանում ստեղծված առաջին մարդաբանական ֆոնդի հետ եմ աշխատում և պետք է նշեմ, որ շատ հետաքրքիր է: Հայաստանի Պատմության թանգարանի մարդաբանության ֆոնդը շուրջ 70 տարվա պատմություն ունի, առաջինը՝ Լճաշենի հավաքածուն է եղել», – Հասմիկ Սիմոնյանը:

18 փետրվարի, 10:29

«ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
Ազգային ավանդական տոնն արդեն երկրորդ տարին է նշվում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանում՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ մարդկանց: Տրընդեզի կամ Տյառնընդառաջի տոնակատարությունը սկսվել է «Գաթա» բենդ խմբի ազգագրական երգերի կատարումներով:Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցում նախատոնակ է կատարվել, ապա տոնախմբության մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու զուռնա-դհոլի ուղեկցությամբ շարժվել են արգելոց-թանգարան, որտեղ էլ՝ Սիոն եկեղեցու հիմքերի դիմաց /խոտածածկ հատվածում/ վառվել է Տյառընդառաջի խարույկը:Տրնդեզի կրակի շուրջպարին միացել ու խարույկի վրայից թռել են նաև օտարերկրացի այցելուները: Ավանդական ամենագեղեցիկ տոներից մեկը հետաքրքել էր Չինաստանից, Իրանից, Գերմանիայից ու Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկներին:

18 փետրվարի, 10:25

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, եռանկյունաձև հրվանդանի վրա` շրջապատված խորը ձորերով: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն (պահպանական գոտու հետ միասին` 5,1 հա) և ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն:

14 փետրվարի, 14:32