Անուշ | Ա. Տիգրանյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

ՕՊԵՐԱ 3 ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ

Նախերգանքը (Վուշ-վու~շ, Անուշ… Վուշ-վու~շ, Սարո…) հուշում է ողբերգական սիրո սրտառուչ մի պատմություն:

 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ա  պատկեր

Անուշի բինան Լոռվա լեռներում: Հեռվից լսվում է հովիվ Սարոյի երգը: Նա դիմում է «անաստված աղջկան»՝ Անուշին, որը «խելքամաղ» է անում իրեն: Անուշը՝ իբր «ավելուկ քաղելու», «ջան գյուլում ասելու» աղջկական միամիտ պատրվակով փորձում է տնից դուրս գալու թույլտվություն ստանալ մորից, բայց արժանանում է «պարկեշտ կաց,  աղջի» հորդորին: Սարոյի երգը կանչում է աղջկան, ու նա, կուժն առած, միանում է ընկերուհիների խմբին:

Բ պատկեր

Բոլորը երգում են, խաղում, ուրախանում: Հեռվից լսվում է Անուշի մոր տուն կանչող անհանգիստ ձայնը: Աղջիկները ջրով լի կժերն առած` հեռանում են: Տագնապած Անուշը մնում է մենակ: Նա իրեն մոռացված է զգում.

Ասում են` ուռին

Աղջիկ էր ինձ պես

Մընում էր յարին,

Ու չեկավ նա տես:

Գալիս է Սարոն: Անուշը կշտամբում է նրան, թե փոխադարձ չէ իրենց սերը:

- Ախ, Անուշ, Անուշ, էդ ինչ ես անում,

Բա դու չես լսում,

Էն, որ լանջերին խաղեր եմ ասում

Ում հետ եմ խոսում...

Գ պատկեր

Համբարձման տոն: Երգ ու պար, կատակ ու մրցախաղ: Այստեղ են մտերիմ ընկերները` Սարոն ու Մոսին: Նրանց խնդրում են կոխ բռնել: Չեն համաձայնում.

Ադաթ կա, սակայն, էն մութ ձորերում,

Ու միշտ հընազանդ հընոց ադաթին`

Ամբոխի առջև իգիթն իր օրում

Գետին չի զարկիլ ընկեր իգիթին:

Մոսին ու Սարոն երդվում են երբեք չդրժել այդ կարգը: Աղջիկներն սկսում են իրենց «Ջան-գյուլում»-ը: Տղաները հեռանում են: Սկսվում է վիճակահանությունը:

Այ, թուխ մազավոր աղջիկ,

Այ, սարի սովոր աղջիկ,

Ջիգյարին գյուլլա դիպչի,

Քեզ սիրի ով որ, աղջիկ:

Այս դառը գուշակումը բաժին է ընկնում Անուշին: Ընկերուհիները սփոփում են նրան` «չար բախտը» սուտ համարելով: Գալիս է Մոսին, քրոջը կարգադրում տուն գնալ: Գալիս է նաև Սարոն նրան տեսնելով`Անուշն ուշաթափվում է:

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Դ պատկեր

Ձմեռ: Գյուղական հարսանիք: Ուրախ կատակախոսում են հարսանքավորները, ծափ զարնում պարող աղջիկներին, տղաներին: Քյոխվան և հարսանքավորները խնդրում, համոզում են Սարոյին ու Մոսիին կոխ բռնել:

Սարոն, ձևական մրցաման, ընկերախաղի պահին, տեսնելով իրենց հետևող Անուշին, հնոց խիստ ադաթը մոռացած`գետին է տապալում Մոսիին: «Ամոթ քեզ, Մոսի, թուք ու նախատինք»,- չարագուշակ հնչում է հավաքվածների հանդիմանանքը: Սարոն ու Մոսին այսուհետ արդեն անհաշտ  թշնամի են:

                                                                                                                                                                

ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ե պատկեր

Մոսին հարսանիքից վերադարձել է ծանր հոգեվիճակում:

- Ամոթ քեզ, Մոսի, թուք ու նախատինք,

Ամոթ քեզ նման գոված իգիթին,

Դեռ քո թիկունքը չէր տեսել գետին,

Ինչպես վեր ընկար դու սարի նըման,

Երբ որ նայում էր ողջ գյուղը կանգնած...

Եղբայրն Անուշից պահանջում է ընդմիշտ մոռանալ Սարոյին: Մոսին`վրեժը սրտում, հեռանում է:

Գալիս է Սարոն: Նա առաջարկում է սիրած աղջկան միասին փախչել: Հավատարիմ հոգու ձայնին, ադաթ ու սովորույթ մոռացած` Անուշն ու Սարոն փախչում են:

Լալիս է Անուշի մայրը, փնտրում աղջկան: Մոսին երդվում է գտնել փախստականներին և վրեժ լուծել Սարոյից:

Զ պատկեր

Սարոն մենակ է: Նա գյուղ է ուղարկել Անուշին` հուսալով, որ ծնողները կհամաձայնեն իրենց ամուսնությանը:

Ու ման է գալիս սարերն ընկած

Սարոն փախցրած եղջերվի նըման,

Օրհասն առաջին, գնդակն ետևից,

Հանդերը` դժոխք, ընկերը` դուշման:

Մոսին սպանում է Սարոյին: Գյուղը սգում է իգիթի մահը: Ողբում է Սարոյի մայրը:

Է պատկեր

Կյանքն առանց Սարոյի դատարկ է խելացնոր Անուշի համար: Թափառական «անցվոր ախպոր» աշխարհի կարգի մասին տխուր խոսքին Անուշը պատասխանում է.

Ինձ արցունք է տվել Տերը,

Ես պիտի լամ, պիտի լամ...

Մոր ձայնն Անուշին տուն է կանչում, իսկ Դեբեդի ալիքներն իրենց գիրկը` Սարոյի մոտ.

Արի, Անուշ,

Արի տանեմ յարիդ մոտ...

Հավատարիմ իր մեծ սիրույն` Անուշը ցած է նետվում ժայռից` իր վիշտը միախառնելով ալիքների տխուր հեծեծանքին:

Լուռ են ձորերը, լուռ են ահռելի,

Դուշման Դեբեդն է մենակ մըռնչում:

Վուշ-վու~շ, Անուշ, վուշ-վու~շ, քուրիկ,

Վու~շ քո սերին, քո յարին,

Վուշ-վու~շ, Սարո, վուշ-վու~շ, իգիթ,

Վու~շ քո սիրած սարերին...

Ժանր՝
օպերա

Հեղինակ՝
Ա. Տիգրանյան

Նկարիչ՝
Գրիշա Սահակյան /ՀՀ մշակույթի վաստ. գործիչ/
Բեմադրիչ՝
Գեղամ Գրիգորյան /ՀՀ և ԼՀ ժող.արտիստ/

Կոմպոզիտոր՝
Ա. Տիգրանյան

×

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

4.3
8
5
4
3
2
1
20 ապրիլ, շաբաթ