Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ

Լավագույն ավանդույթներով հարուստ Ալեքսանդրապոլի (Գյումրի) աշուղական դպրոցը մեծ չափով նպաստել է ազգային երաժշտարվեստի պահպանմանը եւ զարգացմանը: Այդ ավանդույթների շարունակման և զարգացման անհրաժեշտությամբ էլ պայմանավորվել է Լենինականի (Գյումրի)  ժողովրդական գործիքների պետական նվագախմբի ստեղծումը 1986 թվականին: Սկզբնավորման պահին նվագախմբի խորհրդատուն է եղել կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը, տնօրենը՝ Մամիկոն Բաբոյանը (1986-1994 թթ.), իսկ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը՝ Ջիվան Խաչատրյանը (1986-2001 թթ.): 1994 թվականից նվագախմբի տնօրենն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը, 2001 թվականից գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դարձավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը:

Նվագախմբի հետ տարբեր ժամանակներում ելույթ են ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Կամո Սեյրանյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո) և այլք:

Նվագախումբը բազմիցս հայ երգը հնչեցրել է ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ու արտերկրի բեմերից` ԱՄՆ, Ֆրանսիա (3 անգամ), Հունաստան, ՌԴ (3 անգամ), Իրաք, Վրաստան: Մշտապես նվագախմբի կողմից անցկացվում են բարեգործական համերգներ Գյումրիում գործող բոլոր տարեցների կենտրոնների շահառուների և ՀՀ ՊՆ զորամասերի համար:

2017 թվականին նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գյումրիում տեղի է ունեցել աշուղ Շերամի 160-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որից ստացված հասույթը տրամադրվել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին՝ գյումրեցի անօթևան ընտանիքներից մեկի համար բնակարան ձեռք բերելու նպատակով:

Նվագախումբն ունի բազմաժանր ծրագիր` աշուղական, ժողովրդական և հայրենասիրական: Այստեղ մկրտություն ստացած շատ երաժիշտներ այսօր իրենց արհեստավարժ գործունեությունն են ծավալում ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ սփյուռքում:

Նվագախումբը մասնակցել է՝ «Պահպանենք մեր մշակույթը», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական II, III փառատոններին, աշուղական արվեստի՝ Սայաթ-Նովային նվիրված Կովկասյան միջազգային փառատոնին, «Եղեգան փող» ժողովրդագուսանական երգարվեստի համահայկական փառատոնին, Իրաքի  Միջազգային ֆոլկլորային փառատոնին, ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում կազմակերպված ժողովրդական ստեղծագործության «Ընկերակցություն» միջազգային փառատոնին, ‹‹Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք›› ծրագրի բացմանը նվիրված միջոցառմանը, «Հորովել», «Երգ երգոց» (Հայաստանի հանրային ՀԸ), «Ժողովրդական տասնյակ» (Շանթ ՀԸ) հեռուստանախագծերին:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-սփյուռք գործակցության մեջ ներդրում ունենալու առթիվ նվագախումբը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով (2012թ.), ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալով (2016թ.), Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու զինանշան» հուշանվերով (2012թ.) և Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալով (2012թ.): Նվագախմբի անդամներին շնորհվել են ՀՀ պատվավոր կոչումներ, ՀՀ մշակույթի նախարարության մեդալներ և այլ պարգևներ: 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նվագախումբն արժանացել է երկու մրցանակների՝ «Տարվա լավագույն նվագախումբ» և «Տարվա լավագույն ալբոմ» (Խաչատուր Ավետիսյանի «Քեզ եմ հիշում» ալբոմի համար):

Իր գործունեության ընթացքում նվագախումբը թողարկել է 4 տեսասկավառակ և 1 ձայնասկավառակ: