Մ. Ավետիսյանի թանգարան

Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին՝ նկարչի ծննդավայր Ջաջուռ գյուղում։ 1988թ․ երկրաշարժից շենքն ավերվել է։

Թանգարանը վերաբացվել է 2003թ․ վերակառուցումից հետո՝ ներառելով նաև 1979-ից ՀԱՊ-ի մասնաճյուղ հանդիսացող Մ․ Ավետիսյանի երևանյան արվեստանոցի հավաքածուն։ Այժմ թանգարանում ցուցադրվում են նկարչի և նրա ժամանակակիցների աշխատանքները։

Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում (այժմ՝ Շիրակի մարզում)։ Մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսանել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 1960 թվականին։

Մինաս Ավետիսյանը 20-րդ դ․ երկրորդ կեսի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է։ Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը։ Մինասը բազմաժանր նկարիչ է։ Նա ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող հորինվածքներ, բնանկարներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ։ Նա նաև 20 ինքնատիպ որմնանկարների հեղինակ է։

Նրա գեղանկարչության արմատները ձգվում են դեպի հայկական մանրանկարչությունը։ Արվեստագետն իրեն լավագույնս դրսևորել է և՛ գեղանկարչության, և՛ գրաֆիկայի, և՛ որմնանկարչության, և՛ բեմանկարչության մեջ։ Թեև նկարչի հասուն ստեղծագործական կյանքը տևել է ընդամենը 15 տարի՝ 1960-1975թթ․, բայց նա անջնջելի հետք է թողել հայ գեղանկարչության պատմության մեջ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը իր մահկանացուն կնքել է 1975թ․ Երևանում։