Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն

Մեր թվարկությունից առաջ 52 թվականի գարնանը Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատում Արտավազդ արքայի նախաձեռնությամբ հիմնադրվեց հայոց առաջին թատրոնը, որը իրավամբ ցայսօր համարվում է հայ թատրոնի օրրանը։ Հույն ողբերգակ , դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ներկայացմամբ է բացվել առաջին թատրոնի առաջին վարագույրը, ավետելով , որ դարավոր մշակույթ ունեցող հայոց աշխարհը օրհներգվեց նաև իր թատրոնով։ Եվ այսպես գլորվել են հազարամյակները, իսկ հայ թատրոնը իր տեղատվություններով ու մակընթացություններով եկել ու հասել է մեր օրերը։ Հայ թատրոնի պահպանման և զարգացման մեջ շատ երևելիների անուններ կարելի է թվարկել, սակայն մեր՝ արտաշատյան թատրոնի գոյատևումն ամենից ավելի կապված է մեծ երախտավոր Ամո Խարազյանի գործունեության հետ , որի անվամբ էլ արդեն ութսուներեք տարի կոչվում է մեր թատրոնը։ Փաստորեն 1933թ-ից Արտաշատի թատրոնը ունի պետական կարգավիճակ։ Չունենալով մշտական գործող շենք, թատրոնի ներկայացումները կազմակերպվել են Արտաշատի դատարանի շենքում։ 1937թ-ից սկսվում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով հաստատված թատրոնի շենքի կառուցումը։ Սկսված Մեծ հայրենական պատերազմի պատճառով մի պահ դադարեցվում են կառուցման աշխատանքները, սակայն դեռ այն չավարտված, 1943թ-ի մայիսի 19-ին շահագործման է հանձնվում Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, վարագույրը բացելով Նաիրի Զարյանի «Վրեժ» պիեսի բեմադրությամբ , որի բեմադրիչը հենց ինքն էր՝ ՀՍՍՌ ժողովրդական դերասան Ամո Խարազյանը։ Անգամ պատերազմական տարիներին , Արտաշատի թատրոնի նվիրյալ կոլեկտիվը հավատարիմ է մնացել իր կոչմանը և միշտ եղել է թատերասեր հանդիսատեսի կողքին ։ Ավելի քան 500 պիես է բեմ հանվել անցած տասնամյակների ընթացքում , որոնք կյանքի են կոչվել շուրջ 26 բեմադրիչների , շնորհալի նկարչական և երաժշտական ձևավորողների կողմից։ Տարիների ընթացքում ձևավորվել է դերասանական հրաշալի կազմ, հաջողված սերնդափոխություն, թատրոնում աշխատել են 21 վաստակավոր , 4 ժողովրդական դերասաններ ։ Այսօր թատրոնի երախտավորների թվում են հանրապետության վաստակավոր արտիստներ Գագիկ Սարգսյանը, Բագրատ Գևորգյանը , Վլադիմիր Հովհաննիսյանը, ովքեր իրենց լավագույն փորձը սիրով հաղորդում են թատրոնի երիտասարդ դերասան- դերասանուհիներին։ Մեր թատրոնի բեմում իրենց նվիրական ոտնահետքերն են թողել հայ բեմարվեստի այնպիսի մեծեր ինչպիսիք Վահրամ Փափազյանն էր, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, Արմեն Խոստիկյանը, Արուս Ասրյանը, այլոք, ովքեր ոչ միայն դերեր են կերտել մեր կոլեկտիվի սիրված դերասանների հետ , այլև բարձր կարծիք են հայտնել Արտաշատի թատրոնի և նրա դերասանական կազմի մասին։ Խարազյանցիները շարունակում են իրենց բեմական հրաշալի երթը։ Թվով 20 դերասան- դերասանուհիներ այսօր էլ իրենց վճռական խոսքն են ասում արտաշատյան թատրոնի պատմության գրվող էջերում , արվեստի բարձր առաքելությամբ դաստիարակելով սերունդներ և հավատարիմ մնալով իրենց կոչմանը։ Թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանի , փոխտնօրեն Կամո Նաղդալյանի գլխավորությամբ իրենց կատարած լավագույն դերերով ուրույն խոսք են ասում դերասաններ Գագիկ Սարգսյանը, Անահիտ Բադալյանը, Բագրատ Գևորգյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, Հասմիկ Մուսայելյանը,   Գագիկ Թովմասյանը, Սամվել Ղազարյանը, կարեն Սիմոնյանը, Սառա Ռուշանյանը , Եվա Զաքարյանը, Հարութ Մինասյանը, մյուսները , ովքեր ձեռք-ձեռքի կերտում են արտաշատյան թատրոնի ներկան , որը դառնալու է նրա պատմության գեղեցիկ շղթայի խոսուն մի օղակը։