Հայ հոգևոր երաժշտության կենտրոն

Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը, որը գործում է ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայությամբ, հիմնադրվել է 1997 թ. կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի նախաձեռնությամբ: Նպատակ ունենալով հնարավորինս նպաստել հայ հոգևոր երգի ուսումնասիրմանը, տարածմանն ու պատշաճ ներկայացմանը կենտրոնն իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով. • համերգային • գիտակրթական • հրատարակչական Համերգային ծրագրերը կազմակերպվում են նաև մի քանի համերգաշարերի խորագրերի ներքո` «Հայ հոգևոր երաժշտության երեկո», «Հայ ժողովրդական երաժշտություն», «Հայ անվանի արվեստագետներ», «Բարոկկո երաժշտության երեկո», «Եկեղեցական երգչախմբեր», «Երիտասարդ կատարողներ»: Մինչ օրս նման համերգներին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանում գործող լավագույն կոլեկտիվներ և անհատ կատարողներ: Տարիներ շարունակ Մշակույթի նախարարության աջակցությամբ և «Գեղարդ» երգեցիկ խմբի մասնակցությամբ` կենտրոնը կազմակերպում է հոգևոր և ժողովրդական երգերի համերգաշարեր ՀՀ մարզերի եկեղեցական և վանական պատմական համալիրներում: Կենտրոնի գործունեությանն արդեն երկար տարիներ իրենց նպաստն են բերում հայ հոգևոր երաժշտության մասնագետներ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը, արվեստագիտության թեկնածու Աստղիկ Մուշեղյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, դիրիժոր, երաժշտագետ, կոմպոզիտոր Դանիել Երաժիշտը: Դոկտոր Ա. Արևշատյանի խմբագրությամբ կենտրոնը հրատարակում է միջնադարյան երաժշտության ուսումնասիրությանը նվիրված «Մանրուսում» միջազգային երաժշտագիտական տարեգիրքը: Այլ հրատարակությունների շարքում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների «Երգեհոնային գրքույկ» ժողովածուն (կազմեց Դանիել Երաժիշտը) և «Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Ճաշու շարականները» ժողովածուն (եվրոպական նոտագրության փոխադրեց և կազմեց Անահիտ Պապայանը):