Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

1938թ. ապրիլի 25-ին, ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Խ.Աբովյանի տունը Քանաքեռում վերակառուցվեց և վերածվեց տուն-թանգարանի: 1939թ. նոյեմբերին թանգարանը սկսեց գործել: 1978թ. վերակառուցվեց թանգարանի նոր շենքը: Ցուցադրությունը բաղկացած է 12 բաժնից՝ սկսած ծննդավայր Քանաքեռից, Էջմիածնում, Ներսիսյան դպրոցում, Դորպատում ուսումնառության տարիներից, 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի պատմությունից, Արարատ լեռը բարձրանալու, գրական, բանահավաքական գործունեությունից մինչև «Անհայտ բացակայությունը»: Ներկայացված են գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր: Հետաքրքրություն են ներկայացնում գրաֆիկական արվեստի հազվագյուտ նմուշներ, վավերագրեր, որոնք գրված են Աբովյանի կողմից և ծառայել են որպես ուղեցույց ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու ժամանակ: Ցուցադրված են նրա կազմած դասագրքերի և ժողովրդական ընթերցանության համար նախատեսված ձեռնարկների ինքնագրեր, շուրջ 1500 անուն նյութեր: