Եղիշե Չարենցի տուն-թանգարան

 Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանում  հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է:

ՀՍՍՀ Հայաստանի նախարարների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Չարենցի տուն-թանգարանը: Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թվականի հունվարին։ 1987թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։ Թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։ Այս տունը Չարենցի մտերիմների հիշողության մեջ մնաց իբրև հյուրընկալ օջախ, ուր հաճախ վայելում էին չոր մրգերի ու արեւելյան քաղցրավենիքների  «դաստախունը»:

Մյուս հարկաբաժիններում ցուցադրվում են Չարենցի և նրա ժամանակակիցների հետ առնչվող իրեր, լուսապատճեններ, գեղանկարներ և այլն։ Թանգարանի այժմյան ցուցադրության հեղինակը Ռոբերտ էլիբեկյանն է, նախկին ցուցադրությունը հեղինակել էր Կամո Նիգարյանը։ Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը: Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերի համադրումով: Աշխատասենյակի նկարագիրը պատկերված է Չարենցի «Հերոսի հարսանիքը» դրամայում (1937 թ.). «Տեսարանը՝ սենյակ, գրասեղան, սեղանի լամպ՝ կարմիր թավշյա լուսամփոփով: Վառված է միայն այդ լամպը եւ նրա լույսով կիսաղոտ կերպով լուսավորված սենյակում, բացի սեղանից, ուրվագծվում են գրադարակներ, Ջիոտտոյի հայտնի ֆրեսկայի մի մասի արտատպությունը, որը ներկայացնում է Դանտեին և  Պետրարկային՝ դրախտում: Դիմացի պատին, այսինքն գրասեղանի ետևը՝  չինական պաննո, դեղին թավշի վրա դրված հսկայական բրոնզյա Բուդդայի գլուխը՝ դեղին, պսպղուն այտերով, ծուռ ու նշաձև աչքերով և հեգնական շրթունքներով»: Պահպանվել է սենյակի կահավորանքը՝ գրասեղանի, թախտի, գաղտնապահարանի, Աբգար աղայից ժառանգած գորգերի, չինական պաննոյի, Բուդդայի բրոնզե արձանիկների, «Ունդերվուդ» գրամեքենայի, Լեոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի, Ջիոտտոյի գործերի վերատպությունների համադրումով: