Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանում  հիմնադրվել է 1958 թվականին: 1963 թվականին տուն-թանգարանը բացվեց այցելուների առջև: Շենքի ճարտարապետն է Պ. Մսրյանը,  Ավ. Իսահակյանի ցանկությամբ`  այն կառուցվել է սրբատաշ սև տուֆ քարից: 

Հավաքածուն ընդգրկում է  11.000-ից ավելի թանգարանային առարկա՝ գեղանկարներ, փաստաթղթեր, լուսանկարներ, կենցաղային առարկաներ, քանդակներ և այլն, որոնք ներկայացնում են վարպետի կյանքն ու գործունեությունը: Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում բանաստեղծի հարուստ գրադարանը, որտեղ պահպանվում են հայերեն և օտար լեզուներով հին գրքեր:Թանգարանի ցուցադրությունը համալրվել է նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծության 3D մոդելավորումով Ռեալտոյի կամրջի մանրակերտի վրա և Ավ. Իսահակյանի «Լիլիթը» ստեղծագործության թեմայով` խոշորացույցի տակ դրված  միկրոքանդակով:

Հիմնական ցուցադրությունը կազմված է երկու հատվածներից՝ գրական  և հուշային: Ներկայացվում  է Իսահակյանի կյանքի ուղին և գրական հարուստ ժառանգությունը, ինչպես նաև նրա քաղաքական, հասարակական գործունեությունը: Թանգարանի բնական շարունակությունն է գեղեցիկ այգին: Այստեղ է տեղադրված Ռաֆայել Իսրայելյանի նախագծած տուֆակերտ նստարանը, Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին: