Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:
Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով: 2015 թվականին իրականացվել է տուն-թանգարանի վերակառուցումը և հիմնանորոգումը և այսօր այն դարձել է քառահարկ: Առաջին հարկում այցելության համար բացվել են Մ. Սարյանի  տան հուշային սենյակները: 

Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը: Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որն իր վրա էր վերցրել շենքի կառուցման աշխատանքների ղեկավարումը:

2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի,  բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Սարյանը:

 Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի կերպարվեստի ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ: 
Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի գեղարվեստական ժառանգության պահպանումը, ցուցադրումը, ուսումնասիրումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության լիակատար տարեգրությունը, հրատարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը: Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթամշակությաին ծրագրեր տարբեր տարիքի երեխաների  համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգներ:

Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում՝ ժամանակագրական կարգով:
Այն ընդգրկում է նաև հայտնի աշխատանքներ Սարյան ընտանիքի հավաքածուից: Այցելուները հնարավորութուն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը: 

«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել:
Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»,- ասել է Մ. Սարյանը: