Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանի մշակութային օջախներց մեկն է` տեղակայված քաղաքի կենտրոնում: Այս գողտրիկ թանգարանը համակողմանիորեն ներկայացնում է համաշխարհային նշանակություն ունեցող 19 դ. վերջի - 20 դ. սկզբի ռուսական արվեստի ընտրանի: Վերջինս արտացոլում է ռուսական գեղարվեստական կյանքում բազմազան խմբավորումների և հոսանքների առաջացման մի ժամանակաշրջան, երբ ի հայտ եկան «Միռ իսկուստվա», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ» և այլ հայտնի ստեղծագործական խմբեր: Հենց այդ ժամանակաշրջանի հեղինակների ստեղծագործություններն էր հավաքում թանգարանի հիմնադիր, մեկենաս, ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանը: Հայաստանին նվիրաբերած այս անգնահատելի հավաքածուի շնորհիվ 1984 թվականից Ռուսական արվեստի թանգարանն իր այցելուներին է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ռուս հեղինակների՝ Վ.Սերովի, Կ.Կորովինի, Մ.Վրուբելի, Ա.Արխիպովի, Մ.Նեստերովի, Ալ.Բենուայի, Ե.Լանսերեյի, Ն.Ռերիխի, Ն.Գոնչարովայի, Զ.Սերեբրյակովայի, Բ.Կուստոդիևի, Կ.Սոմովի, Ն.Սապունովի, Ս.Սուդեյկինի, Ա.Գոլովինի, Ն.Կրիմովի, Պ.Կուզնեցովի, Կ.Պետրով-Վոդկինի, Ա.Լենտուլովի, Ռ.Ֆալկի, Ն.Ուդալցովայի, Ա.Դրևինի, Ա.Օսմյորկինի և այլոց գործերը: