Ակսել Բակունցի տուն-թանգարան (ԳԱԹ մասնաճյուղ)

     Տուն-թանգարանը հիմնադրվել և հանդիսավորությամբ բացվել է  1970 թ․ սեպտեմբերին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937): 1976 թ․-ից Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է։ Այն ունի երկու հուշասենյակ, մեկ ցուցասրահ, խոհանոց և ընդարձակ այգի։ Մինչև տուն-թանգարան մտնելը այցելուն կարող է տեսնել դարավոր մի ընկուզենի։ 

    Թանգարանն ունի երկու ֆոնդ՝ հիմնական (մոտ 500 ցուցանմուշ) և գիտաօժանդակ։ Վերջինս մեծ արխիվ է և ուսումնասիրությունների աղբյուր՝  բակունցագիտության համար։ Հիմնական ֆոնդը ընդգրկում է Բակունցի ձեռագրերը, կենցաղայինն իրերը, լուսանկարները, Մ․ Սարյանի, Մ․ Ասլամազյանի գեղարվեստական կտավները։ Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը։ Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է մայիսին կազմակերպվող «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային։

    Այսօր Ակսել Բակունցի տուն-թանգարանը Գորիսի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ։ Տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ գրողի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը։