Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (ԳԱԹ մասնաճյուղ)

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին։ Այստեղ պահպանվում է մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (գործ Ա․ Ուրարտուի, 1953թ․) և կառուցված է մատուռ (1994թ․), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։

Թանգարանը երկհարկանի է՝ բաղկացած վեց սենյակից։ Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահները։ Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին։ Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրերը։