Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան (ԳԱԹ մասնաճյուղ)

Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը գործում է 1977 թվականի մայիսի 18-ից: Այս բնակարանում է ապրել Դերենիկ Դեմիրճյանը 1929 թվականից մինչև մահը՝ 1956-ի դեկտեմբերի 6-ը: Շենքը կառուցվել է <<Հայ օգնության խորհուրդ>> /ՀՕԽ/ բարեգործական կազմակերպության կողմից, և այնտեղ բնակություն են հաստատել ժամանակի անվանի մտավորականները:

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ցուցադրությունը բաղկացած է հինգ սրահից, որոնցում ներկայացված են Դեմիրճյան գրողի, գեղագետի, քաղաքացու, համապարփակ նկարագրին առնչվող ցուցանմուշներ՝ ձեռագրեր, գրքեր, լուսանկարներ, գեղանկարներ, քանդակներ, կենցաղային, անձնական իրեր: Բացառիկ է գրողի  աշխատասենյակը և հյուրասենյակը ներկայացնող հուշային երկու սրահների նշանակությունը, որոնցում հնարավոր ճշգրտությամբ վերականգնված են Դեմիրճյանի ապրած օրերին բնորոշ ներհարդարանքն ու մթնոլորտը:

Տուն-թանգարանի գործունեության հիմնական նպատակը Դեմիրճյանի գրական ժառանգության համակողմանի լուսաբանումն է: Այս նպատակին են միտված ինչպես այցելուների հետ տարվող ամենօրյա աշխատանքը, այնպես էլ պարբերաբար կազմակերպվող դասախոսությունները, հուշ-ցերեկույթները, արտագնա միջոցառումներն ու հրապարակումները զանգվածային լրատվամիջոցներում: 

Տուրք տալով գրողի ժամանակակիցների բազում վկայություններին այն մասին, որ Դեմիրճյանը եղել է իր կրտսեր գրչակիցների ստեղծագործական քայլերի աչալուրջ հետևողը, հովանավորն ու խորհրդատուն, տուն-թանգարանի աշխատակիցները, տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, կազմակերպում են գրական ընթերցումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ՝ նվիրված   ժամանակակից հայ գրողներին:

Դեմիրճյանագիտությամբ զբաղվող մասնագետները, Դեմիրճյանով հետաքրքվող ուսանողները, ասպիրանտները, լրագրողները, մտավորականները տուն-թանգարանում պահպանվող նյութերի շնորհիվ կարողանում են ստանալ իրենց հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները. արդյունքում մինչ օրս գրվել ու հրապարակվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, ստեղծվել ֆիլմեր, հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի անձին և ստեղծագործական ժառանգությանը:

Տուն-թանգարանը հետամուտ է նաև Դեմիրճյանի ստեղծագործությունների և դեմիրճյանագիտական գրականության հրատարակության նպատակին: Վերջին տարիներին լույս են տեսել <<Հայը>> խոհագրությունը, <<Արջուկ-լրջուկ>> հեքիաթը, <<Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ>> խոհագրությունը, <<Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո>> գրականագիտական հոդվածների ժողովածուն: