Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը գործում է շուրջ ինը տասնամյակ և Հայաստանի Հանրապետության խոշորագույն մշակութային օջախներից է։ Այն ընդգրկում է 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները և այդ շրջանում գործած մշակութային և կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուներ։

Նյութերի բազմազանությունը աներևակայելիորեն լայն է՝ գեղարվեստական, գիտական, ազգագրական, մանկավարժական, հուշագրական երկերի ձեռագրեր, նամակներ, փաստաթղթեր, վավերագրեր, նոտաներ, լուսանկարներ, հրավիրատոմսեր, ազդագրեր, նվագարաններ, անձնական և բեմական հագուստ, կահույք, սպասք, հուշանվերներ, պետական պարգևներ, շքանշաններ, մեդալներ, զենքեր, կինոսարքավորումներ, հնատիպ գրքեր, մամուլ և այլն։