Ջերմուկի պատկերասրահ (ՀԱՊ մասնաճյուղ)

Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղը հիմնադրվել է 1972 թվականին։ ՀԱՊ-ի հավաքածուից այստեղ ներկայացված են խորհրդահայ և ժամանակակից մշակութային հարուստ ժառանգության ընտիր ցուցանմուշներ։ Մշտական ցուցադրությունում ներկայացված է 1920-1990թթ․ շուրջ 100 գեղանկար և քանդակ։ Ջերմուկի հյուրերը կարող են տեսնել հայ նշանավոր գեղանկարիչների՝ Մ․ Սարյանի, Վ․ Գայֆեճյանի, Հ․ Կալենցի, Հ․ Հակոբյանի, Մ․ Պետրոսյանի և այլոց ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ առանձնացող աշխատանքներ։ Գեղանկարների կողքին ցուցադրվում են նաև բարձրարվեստ քանդակներ։ Մշտական ցուցադրությանը զուգահեռ պարբերաբար կազմակերպվում են նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հուշ-ցերեկույթներ, դասախոսություններ, վարպետաց դասեր։

Մասնաճյուղը գտնվում է Արփա գետի առափնյա լանջին։ Հատկապես գրավիչ է այն փաստը, որ այցելուն, նախ հագուրդ տալով իր հոգևոր պահանջներին և գեղագիտական ճաշակին, ետնաբակից բացվող արշավային ճանապարհով ընդամենը տասը րոպեների ընթացքում կարող է հայտնվել Ջերմուկի գեղատեսիլ ջրվեժի առջև։