Խորեն Տեր-Հարությանի Թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ)

Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին և երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում: 1994 թ. շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը, որը գտնվում է անմիջապես Մայր Տաճարի դիմաց: Թանգարանում ցուցադրվում են ամե­րիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար): 
Արվեստագետն առաջին անգամ Հայաստան եկավ 1970 թվականին: 1983 թվականին Խորեն Տեր-Հարությանն իր ստեղծագործությունները տեղափոխեց Հայաստան՝ թվով 89 քանդակ և 100-ից ավելի գծանկար ու գեղանկար: Նրա անհատական ցուցահանդեսը բացվեց Հայաստանի Պետական պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում:
Խորեն Տեր-Հարությանը ծնվել է 1909 թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում, հոգևորականի ընտանիքում: Ականատես է եղել հայ ժողովրդի ամենածանր արհավիրքին՝ Մեծ Եղեռնին, ինչն անկասկած խոր հետք է թողել արվեստագետի ներաշխարհում և իր դրսևորումն է ստացել նրա արվեստում: 1921-ին ընտանիքի հետ միասին հաստատվել է ԱՄՆ-ում, Մասաչուսեթս նահանգի Վուսթր քաղաքում: 
Տեր-Հարությանը ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում, բայց առավել արդյունավետ և բեղմնավոր ոլորտը քանդակագործությունն էր, որտեղ դրսևորվեց արձանագործի իր հզոր ներուժը: 
Արվեստագետը ստեղծագործել է այն ժամանակաշրջանում, երբ քանդակագործության մեջ, ինչպես արվեստում ընդհանրապես, գոյություն ունեին մոդեռնիստական տարբեր ուղղություններ, և, իհարկե, նրա ստեղծագործություններում առկա են որոշակի ոճային աղերսներ ժամանակակից քան­դակագործության հետ, սակայն Տեր-Հարությանի արվեստի հիմքում ընկած է իր առանձնահատուկ, ազգային մտածողությունն ու ոգին: 
Խորեն Տեր-Հարությանը վախճանվել է 1991 թվականին, Նյու Յորքում: