Հանրագիտարան

Ֆրանսիան ընդունեց իր պետական դրոշը

1794 թ. փետրվարի 15-ին Ֆրանսիան ընդունեց իր պետական դրոշը: Ֆրանսիայի դրոշը (ֆրանսերեն՝ drapeau français) բաղկացած է կապույտ, սպիտակ և կարմիր գույներից: Հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ է։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 2։3 է։
Ֆրանսիա
 
Ֆրանսիայի Հանրապետությունը եվրոպական երկիր է, որը հյուսիս-արևելքում սահմանակից է Բելգիային և Լյուքսեմբուրգին, արևելքում`   Գերմանիային, Շվեյցարիային և Իտալիային, հարավում`   Իսպանիային: Ֆրանսիայի ափերն արևմուտքում և հյուսիս-արևմուտքում ողողում են Ատլանտյան օվկիանոսի և Լա-Մանշ նեղուցի ջրերը, հարավում`   Միջերկրական ծովը:
 
Ֆրանսիա անվանումը ծագում է լատիներեն "francia" բառից, որը թարգմանաբար նշանակում է «ֆրանկների երկիր»: Իսկ ֆրանկների անվան ծագման շուրջ տարբեր վարկածներ կան, որոնցից մեկի համաձայն`   անվանումն առաջացել է պրոտո-գերմանական «ֆրանկոն» բառից:
 
Այդպես է անվանվել ֆրանկների կողմից գործածվող նիզակը կամ կացինը: Իմաստաբանական երկրորդ վարկածը վկայում է, որ հին գերմանական լեզվով ֆրանկ անվանումը թարգմանվում է որպես «ստրկության դեմ պայքարող»:
 
Լեզուն
 
Երկրի բոլոր բնակիչները խոսում են ֆրանսերեն: Ֆրանսերենը լեզուն կրող անձանց թվով ռոմանական լեզուներից երրորդն է իսպաներենից եւ պորտուգալերենից հետո:
 
Ֆրանսերենը պաշտոնական լեզու է նաև մի շարք համայնքներում և միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Աֆրիկյան միությունը, Միջազգային դատարանը, Միջազգային օլիմպիական կոմիտեն, ՖԻՖԱ-ն և այլն:
 
Ֆրանսերենով խոսում են ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Կանադայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Մոնակոյում, Մարոկկոյում, Ալժիրում, Թունիսում, Փղոսկրի ափում և տասնյակ այլ երկրներում:
 
Պետական կառուցվածքը
 
Հինգերորդ Հանրապետության Սահմանադրությունը մշակվել է գեներալ Շառլ դը Գոլի ղեկավարությամբ և հաստատվել 1958թ. սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայում և անդրծովյան տարածքներում կազմակերպված հանրաքվեում:
 
Ըստ Սահմանադրության`   քաղաքական կենտրոնական դեմքը նախագահն է: 1962թ. հոկտեմբերի 28-ին իրականացված հանրաքվեի արդյունքում տեղի ունեցած սահմանադրական փոփոխության հետևանքով նախագահն ընտրվում է ուղղակի քվեարկության, այլ ոչ թե ընտրիչների կոլեգիայի կողմից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: