Առողջապահություն

Առաջին օգնություն: Շնչուղիների խցանումը 1-8տ. երեխաների մոտ

Շնչուղիների խցանումն օտար մարմիններով շատ հաճախ է պատահում փոքր երեխաների մոտ: Երեխան հաճախ բերանն է տանում փոքր առարկաներ, օրինակ`   կոճակներ, հուլունքներ, խաղալիքի մանր մասեր և այլն, որոնք էլ հենց դառնում են շնչուղիների խցանման պատճառ:

Շնչուղիների խցանում կարող է առաջանալ նաև այն  դեպքում, երբ երեխային կերակրում կամ  դեղ են խմեցնում ստիպողաբար, լաց լինելու պահերին, ինչպես նաև երեխայի`   վազվզելով, խաղալով կամ շտապելով ուտելու պատճառով:
Շնչուղիների խցանումը վտանգավոր վիճակ է, քանի որ խանգարվում է օդի մուտքը թոքեր: Եթե ժամանակին  ճիշտ օգնություն չցուցաբերվի, երեխան կարող է շնչահեղձ լինել ու մահանալ:

Շնչուղիների խցանման կանխարգելումը

Երեխաների մոտ շնչուղիների խցանումները հիմնականում ծնողների(մեծահասակների) անզգուշության և անուշադրության հետևանք են: Հետևելով մի շարք պարզ կանոնների`    կարելի է կանխել այդ դեպքերի գերակշռող մասը:
Երեխային ստիպողաբար կամ լացի ժամանակ ոչինչ մի՛ տվեք ուտելու կամ խմելու, նույնիսկ՝ դեղ:

1. Բացատրեք երեխային դեղ խմելու անհրաժեշտությունը: Եթե նա այնուամենայնիվ հրաժարվում է, ավելի լավ է դիմել  նրա բուժող բժշկին:

2.Սովորեցրեք երեխային ուտել`    առանց շտապելու, սեղանի շուրջը նստած, կերակուրը  լավ ծամելով:

3.Թույլ մի՛  տվեք երեխային որևէ բան ուտելիս  խաղալ, վազվզել: Առավել ևս  մի՛  կերակրեք նրան խաղի ժամանակ:

4. 3-4 տարեկանից  փոքր երեխաներին կորիզներով պտուղներ, մրգեր կամ կոնֆետ մի՛ տվեք:

5.Նրանց մի՛ տվեք մանր խաղալիքներ, խուսափեք նաև այնպիսի խաղալիքներից, որոնց մանր մասերը հեշտությամբ կարող են պոկվել:

6.Թույլ մի՛  տվեք երեխային խաղալ կոճակներով, լոբու հատիկներով կամ  նման մանր առարկաներով: Պահեք դրանք երեխային անհասանելի տեղերում:

Շնչուղիների խցանում

Ինչի վրա է պետք  ուշադրություն դարձնել: Երբ միաժամանակ տեղի է ունենում կլլում և ներշնչում, օտար մարմինները (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն) կարող են ներթափանցնել շնչուղիներ  և առաջացնել խցանում: Շնչառական ուղիները կարող են փակվել լրիվ կամ մասնակի:

Շնչուղիների մասնակի խցանման ժամանակ որոշակի քանակով օդ է մտնում  շնչուղիներ, երեխան հանկարծակի սկսում է հազալ, անբնական ձայներ հանել, անհանգիստ շարժումներ անել:

Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ օդն ընդհանրապես մուտք չի գործում թոքեր, և եթե խցանումը չբացվի, երեխան կարճ ժամանակում կարող է մահանալ, քանի որ նա  չի կարողանում ո՛չ շնչել, ո՛չ հազալ, ո՛չ էլ որևէ ձայն հանել: Մաշկը կապտում է, աչքերը չռվում են, երեխան անհանգիստ շարժումներ է անում և ցնցվում:

Շնչուղիների խցանման դեպքում օգնություն ցուցաբերելիս ամենակարևորը խուճապի չմատնվելն  ու ճիշտ գործելն էր:
 
Ինչ անել շնչուղիների մասնակի խցանման դեպքում

 

Մասնակի խցանման դեպքում երեխան հազում է, որը  նպաստում է շնչուղիներից օտար մարմնի հեռացմանը: Ահա թե ինչու օգնություն ցուցաբերելիս Ձեր հիմնական նպատակը պետք է լինի խրախուսել երեխային, որ նա շարունակի հազալ:

Դրա համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող խորհուրդներին.

1. Թեքե՛ք երեխային իրանով մի փոքր առաջ:

2. Ձեռքով թեթևակի հարվածե՛ք երեխայի թիկունքին`   թիակների միջև ընկած հատվածին, մինչև օտար մարմինը դուրս գա, և շնչառությունը կարգավորվի:

Ինչ անել շնչուղիների լրիվ խցանման դեպքում

1. Անհապաղ ուղարկե՛ք որևէ մեկին շտապ օգնություն ահազանգելու:

2. Կանգնե՛ք երեխայի մեջքի հետևում: Եթե երեխայի հասակը փոքր է, ծնկի իջեք:

3. Ձեռքերով ընդգրկե՛ք երեխայի իրանը, շոշափելով գտե՛ք երեխայի պորտը և կրծոսկրի ստորին ծայրը: Ձեր մի ձեռքի բռունցքը`   բութ մատը դեպի Ձեզ, տեղադրե՛ք երեխայի փորի վրա՝ պորտը և կրծոսկրի ստորին ծայրը միացնող գծի մեջտեղում:

4. Մյուս ձեռքը դրեք բռունցքի վրա և դեպի Ձեզ ուղղված հրումներ կատարեք: Հրումները կատարեք ոչ շատ ուժեղ, որպեսզի չվնասեք երեխային:

5. Շարունակեք հրումներ կատարել այնքան ժամանակ, մինչև օտար մարմինը դուրս գա, կամ երեխան կորցնի գիտակցությունը:
 
Եթե երեխան կորցնում է գիտակցությունը, ապա ձեռնարկեք հետևյալ քայլերը.

1. Պառկեցրեք երեխային գետնին:

2. Ձեր մի ձեռքի ափը դրեք երեխայի որովայնին`   պորտի և կրծոսկրի ծայրի մեջտեղը: Եթե երեխան բավականին մեծ Է, ապա այդ ձեռքի վրա դրեք նաև Ձեր մյուս ձեռքը:

3. Կատարեք որովայնի 5 հրում: Հրումները պետք Է ուղղված լինեն դեպի երեխայի գլուխը և դեպի ցած: Հրումների ուժը պետք Է համապատասխանի երեխայի չափերին և տարիքին:

4. Որովայնի հրումներից հետո բացեք երեխայի բերանը և փորձեք օտար մարմինը զգուշությամբ հեռացնել բերանից:

5. Փորձեք կատարել ներփչում: Դրա համար Ձեր բերանով ընդգրկեք երեխայի բերանը, փակեք նրա քթանցքերը և օդ ներշչեք:

6. Եթե օդը չի գնում, կրկնեք վերը թվարկված գործողությունները: Այս գործողությունները կրկնեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, և երեխան շնչի:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: