Առողջապահություն

Երկար վարսերը որպես կանացի գեղեցկության գրավական

Բնականից նորմալ էլաստիկություն և ամրություն ունեցող մազերը մեր օրերում անհետացող երևույթ են դառնում։ Երբեմն նույնիսկ առողջ մազերը բավականին անշուք տեսք ունեն։

Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին։

Անհատական մոտեցում: Մազերի խնամքի համար նախատեսված միջոցների տեսականին շատ մեծ է։ Թափանցիկ տարաներով վառ գույնի հեղուկները և զանազան գեղեցիկ ու խայտաբղետ փաթեթավորումները երբեմն շփոթության մեջ են գցում կանանց և աղջիկներին։

Շամպունը մազերի խնամքի հիմնական միջոցն է։ Այն անպայմանորեն պետք է համապատասխանի Ձեր մազերի տիպին։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել սնուցող և մազարմատներն ամրացնող շամպուններ, ընդ որում, մեկ ամիս առաջինից և մեկ ամիս էլ`   երկրորդից։ Մազերի կատարյալ խնամքի և պաշտպանության համար անհրաժեշտ միջոց է նաև մազորակիչը (կոնդիցիոները), քանի որ այն հարթեցնում է մազերի վերին շերտը, օգնում ազատվելու ճյուղավորումից և յուրաքանչյուր մազը «պատում» պաշտպանիչ շերտով։ Սակայն երբեմն միայն ճիշտ ընտրված շամպունի և մազորակիչի օգնությամբ հնարավոր չի լինում լուծել մազերի հետ կապված բոլոր խնդիրները։ Այդժամ օգնության են գալիս տնային պայմաններում պատրաստված միջոցները։

Բնականից նորմալ էլաստիկություն և ամրություն ունեցող մազերը մեր օրերում անհետացող երևույթ են դառնում։ Երբեմն նույնիսկ առողջ մազերը բավականին անշուք տեսք ունեն։ Դրանց հմայք կարելի է հաղորդել ոչ ավել, ոչ պակաս`   ռոմով մշակելու միջոցով։ Հարկավոր է մազերը լվանալ և թաց մազերը շփել 1-3 ճաշի գդալ ռոմով (կամ կոնյակով), այնուհետև գլուխը փաթաթել սրբիչով։ 15-20 րոպե հետո կարելի է մազերը չորացնել և հարդարել։ Հավատացա՛ծ եղեք, որ հմայքն ապահովված կլինի։

Եթե Ձեր մազերը բնականից չոր տիպի են, ապա ամեն կերպ խուսափե՛ք սպիրտ պարունակող մազերի հարդարման միջոցներ օգտագործելուց։ Այս պարագայում օգնության կարող են գալ սնուցող միջոցները, որոնցից ամենաօգտակարը ձիթապտղի յուղ պարունակող քսուքն է։ Մազերը մանրակրկիտ սանրե՛ք և քսե՛ք ձիթապտղի յուղ։ 20 րոպե պահելուց հետո մազերը լվացե՛ք տաք ջրով։

Մազերի յուղոտ տիպ ունեցող կանանց խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք կրճատում են մաշկի ճարպազատությունը։ Օգտակար է մինչ մազերը լվանալը դրանք պատել ալոեի տերևներից ստացված հյութով, քանի որ այն բարելավում է արյան շրջանառությունը և ճնշում վերնամաշկի ճարպագեղձերը։ Այս պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել սպիրտ պարունակող մազորակիչներ։ Մազերը լվանալուց հետո կարելի է դրանք ցայել լոշտակի, հազարաթերթիկի, լորենու կամ եղեսպակի թրմուկով (5 ճաշի գդալ տերևներին ավելացնել 0.5 լ ջուր և թրմել 30 րոպե)։

Ներկելուց և քիմիական գանգրացումից հետո մազերը դառնում են է՛լ ավելի փխրուն ու չոր, ուստի դրանք ավելի լուրջ խնամքի կարիք են զգում։ Այդ տեսակետից շատ օգտակար են շաբաթական 1-2 անգամ արվող «վերականգնողական» քսուքները։ 30 մլ գերչակի կամ շաղգամի յուղին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 2 ձվի դեղնուց, 1/2 բաժակ կիտրոնի հյութ, լավ խառնել և քսել մազարմատներին ու թողնել 45-50 րոպե։ Այնուհետև գլուխը լվանալ և ցայել եղինջի թրմուկով (2 ճաշի գդալ եղինջի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 30 րոպե)։

ԻՆՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՍԱՆՐԸ

Օրվա մեջ մենք առնվազն 2 անգամ սանրվում ենք։ Ի դեպ, սանրվելն ինչ-որ առումով մազերի մի յուրահատուկ մերսում է, որը բարելավում է արյան շրջանառությունը, մազերի արտաքին տեսքը, աճը և սնուցումը։ Օգտակար է սանրվել հատկապես քնելուց 5-10 րոպե առաջ, ընդ որում, անհրաժեշտ է սկզբում սանրել գլխի պարանոցային հատվածը և քիչ առ քիչ բարձրանալ դեպի ճակատ։ Սանրվելիս աշխատե՛ք գլուխն ուղիղ պահել, քանի որ այդ կերպ կարող եք ձերբազատվել հոգնածությունից և գլխացավից։

Ամենակարևոր հանգամանքը ճիշտ սանր ընտրելն է, քանի որ դրանով է մեծապես պայմանավորված մազերի գրավչությունն ու հմայքը, ինչպես նաև դրանց առողջությունը։ Յուրաքանչյուր կին առնվազն 5 սանր պետք է ունենա`   մանր և խոշոր ատամներով, մերսող խոզանակ, ինչպես նաև կենդանական մազախավով և կլոր բրաշինգ-խոզանակ։

Մանր ատամներով սանրն օգտագործվում է թաց մազերը սանրելու, ինչպես նաև բալզամ քսելու, իսկ խոշոր ատամներովը`   հարդարման համար։ Եթե մազերը թափվելու հակում ունեն, ապա ամենից հարմարը ոչ խիտ ատամներ ունեցող սանրերն են, քանի որ այս պարագայում մազարմատների ինտենսիվ մերսումը հակացուցված է։ Մետաղական ատամիկներով մերսման խոզանակն անփոխարինելի է երեկոյան մերսման համար։ Ցանկալի է, որ ատամիկների ծայրերը կլորավուն լինեն, քանի որ այս կերպ կարելի է խուսափել մաշկի քերծվածքներից։ Տեղին է հիշեցնել, որ ցերեկային ժամերին նման խոզանակ օգտագործելը խորհուրդ չի տրվում, քանի որ հաճախակի օգտագործման պարագայում այն կարող է վնասել մազերը։ Յուղոտ մազերը սանրելու համար իդեալական են կենդանական մազախավով խոզանակները, քանի որ դրանք խնայում են մազերը և չեն խախտում վերջիններիս կառուցվածքը և, ամենակարևորը, էլեկտրականացում չեն առաջացնում։

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Որպես կանոն, մենք ձգտում ենք այն ամենին, ինչ բնականից չունենք։ Գանգուր մազեր ունեցող կանայք ու աղջիկները երազում են ուղիղ մազերի մասին, և հակառակ դրան, ուղիղ մազեր ունեցողները երազում իրենց տեսնում են փարթամ խոպոպիկներով։ Ամեն դեպքում հուսահատվել պետք չէ, քանի որ մազերի խնամքի համար նախատեսված միջոցների ճիշտ ընտրությամբ կարելի է երազանքն իրականություն դարձնել և, որ ամենակարևորն է, առանց մազերին վնաս պատճառելու։

Գանգուրներն ուղղելու համար թաց մազարմատներին մազերի համար նախատեսված փրփուր կամ հարթեցնող բալզամ քսե՛ք, այնուհետև մազերը չորացրե՛ք ֆենով (պետք չէ չորացնել մինչև վերջ)`   կլոր խոզանակով վերից վար ձգելով, հետո փրփուրը քսե՛ք մազերի ողջ երկարությամբ ու սանրե՛ք մանրատամ սանրով։ Կիսաչոր մազերը 20-25 րոպեի ընթացքում կչորանան։ Գանգուր մազերը կարելի է ուղղել նաև գելի օգնությամբ։ Անհրաժեշտ է գելը քսել մազերի ողջ երկարությամբ`   մազարմատներից մինչև ծայրերը և սանրել։ Ուղղած մազերը երկար պահպանելու նպատակով խորհուրդ ենք տալիս փոքր քանակությամբ լաք ցողացրել։

Մազերը գանգրացնելու համար հարկավոր է թաց մազերին հարդարման համար նախատեսված փրփուր քսել, խոզանակի օգնությամբ դրանք կլորացնել և չսանրել։ Կարելի է օգտագործել նաև ցողացրիչ-գել, ընդ որում, յուրաքանչյուր մազափունջ պետք է առատորեն ցողացրել, խոզանակով կլորացնել և ֆենով չորացնել։ Սանրվածքը երկար պահպանելու համար անհրաժեշտ է մազերը չորացնել սառը օդային հոսանքով։

Ամփոփելով, թերևս արժե հիշեցնել, որ կարևոր չէ`   մազերն ուղիղ են թե գանգուր, կարճ թե երկար, կարևորն այն է, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է այնպիսին, ինչպիսին մայր բնությունն է նրան ստեղծել։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2008 (12)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: