Հանրագիտարան

Զարգացած միջնադարյան Հայաստանի նշանավոր քաղաքները

Զարգացած միջնադարի հայոց ամենանշանավոր քաղաքը պետության մայրաքաղաք Անին էր: Այն գտնվել է Ախուրյան գետի աջ ափին:

Կենտրոնը եղել է պարսպապատ միջնաբերդը, որտեղ գտնվում էին արքունական պալատը և զանազան այլ շինություններ: Միջնաբերդը շրջապատող հարթության վրա գտնվել է շահաստանը, որը սարահարթի կողմից պաշտպանված չէր: Ուստի և հայոց թագավորները քաղաքի պաշտպանությունն ապահովելու համար կառուցում են ամրակուռ սրբատաշ պարիսպներ: Քաղաքի այս մասում էին գտնվում արհեստավորների գործատները, առևտրականների կրպակները, շուկան և հյուրանոցները: Առևտուրը կատարվում էր հատուկ հրապարակում, ուր միշտ կարելի էր հանդիպել օտարերկրյա վաճառականների: Քաղաքի բնակչությունն ապահովված էր խմելու ջրով, որը բերվում էր 12 կմ հեռավորությունից՝ կավե խողովակներով:

Անին աչքի էր ընկնում ոչ միայն աշխարհիկ շքեղ շինություններով, այլև բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով: Քաղաքը քարաշեն էր և ուներ սալահատակված փողոցներ: Բյուզանդական պատմիչներից մեկի խոսքերով «Անին մեծ և բարեկարգ քաղաք է»: Եվ, իրոք, Անին հայ մշակույթի, արհեստագործության, առևտրի և, մասնավորապես, ճարտարապետության ամենանշանավոր կենտրոնն էր: Քաղաքում ծաղկում էր վաշխառությունը, իշխանական դասն ու բարձրաստիճան հոգևորականությունն ապրում էին հարուստ և ճոխ կյանքով: Սակայն մեծ թիվ էին կազմում աղքատները, որոնք ապրում էին քաղաքի պարիսպներից դուրս, արվարձաններում, խղճուկ խրճիթներում և անգամ գետնափոր հյուղակներում:
Անին կառավարում էր քաղաքի ավագների խորհուրդը, որը ենթարկվում էր թագավորին:
 
IX-XI դդ. բարգավաճեց Դվին քաղաքը: Քաղաքը գտնվում էր Այրարատյան դաշտով անցնող կարևոր մայրուղու վրա և բարգավաճում էր արհեստների ու առևտրի բարձր զարգացման շնորհիվ: Քաղաքի կենտրոնը միջնաբերդն էր, որը գտնվում էր իշխող դիրք ունեցող մի բլրի վրա: Ընդարձակ քաղաքը, որը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով, տարածվում էր միջնաբերդի բլրի ստորոտում և հարևան մի քանի բլուրների վրա: Պարսպից դուրս քաղաքի արվարձաններն էին: Դրանց բնակչության նշանակալից մասը հողագործներ էին:
 
Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, արհեստավորների մեծ թվով գործատներ և առևտրականների կրպակներ ու խանութներ: Ի թիվս այլ արհեստների, Դվինը հատկապես աչքի էր ընկնում խեցեգործությամբ, ապակեգործությամբ ու ներկերի արտադրությամբ: Արաբ հեղինակները մեծ շուքով են ներկայացնում Դվինը: Քաղաքին մեծ վնաս ու ավերածություն պատճառեց 893թ. երկրաշարժը: Սակայն Դվինը շատ արագ վերաշինվեց:
 
X դ. մեծ զարգացում ապրեց Վանանդի թագավորության կենտրոն դարձած Կարսը: Քաղաքը գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին: Քաղաքն արհեստագործության ու առևտրի խոշոր կենտրոն էր և ակտիվորեն մասնակցում էր միջազգային տարանցիկ առևտրին: Քաղաքն արագ զարգանում էր ու հարստանում շնորհիվ ծովային և ցամաքային առևտրի:
Վասպուրականի թագավորության կենտրոնն էր հինավուրց Վան քաղաքը, որը մեծ վերելք ապրեց X-XI դդ.: Այն ծաղկեց հատկապես Գագիկ Արծրունու օրոք՝ դառնալով երկրի ամենամեծ և հարուստ քաղաքներից մեկը: Անառիկ դիրքի շնորհիվ քաղաքը գրեթե ավերածությունների չի ենթարկվել: Այն սերտ կապերի մեջ է եղել Անիի, Դվինի և Հայաստանի մյուս քաղաքների հետ: Քաղաքից արտահանվող ապրանքների մեջ նշանակալից բաժին է կազմել տառեխ ձուկը՝ աղ դրած վիճակում:
 
Արծն քաղաքը X դ. կեսերին հայտնվեց բյուզանդական տիրապետության ներքո: Վերջինս Հայաստանի սակավաթիվ այն քաղաքներից էր, որ պարիսպներ չուներ: Գտնվելով առևտրական ուղիների վրա՝ այն արագ բարգավաճեց և հարստացավ: Մեծապես աճեց բնակչությունը: Քաղաքը վերածվեց արհեստագործական և առևտրի խոշոր կենտրոնի: Պատահական չէ, որ բյուզանդական հեղինակներն այն համարում են «մարդաշատ և բազմահարուստ», «լի մեծ քանակությամբ բազմապիսի ապրանքներով, որ բերում էին Պարսկաստանը, Հնդկաստանը և մնացած Ասիան»:
 
Անպարիսպ լինելու պատճառով Արծնը XI դ. կեսերին ավերվեց սելջուկ-թուրքերի կողմից: Բնակչությունը ահավոր կոտորածների ենթարկվեց, քաղաքը կողոպտվեց և ավերվեց, իսկ կենդանի մնացածները տեղափոխվեցին հարևան Կարին քաղաք, որն ստացավ Արզն-ար-Ռում (Արզրում-էրզրում) անունը:
 
Հայաստանի կարևոր քաղաքներից էին նաև Խլաթը, Նախճավանը, Կարինը, Բաղեշը և այլն:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: