Հանրագիտարան

Հայաստանն Աբասի և Աշոտ Գ-ի իշխանության շրջանում

Արաբների նկատմամբ տարած հաղթանակով Հայաստանի անկախությունը վերջնականապես ամրապնդվեց: Գրեթե վերացավ արտաքին հարձակումների վտանգը, և երկիրը թևակոխեց խաղաղության ու բարգավաճման երկարատև ժամանակաշրջան:

Խաղաղ անցան Աշոտ Բ-ի թագավորության վերջին տարիները: Անժառանգ Աշոտից հետո գահ բարձրացավ նրա եղբայր, Կարսի կառավարիչ Աբասը (928-953): Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց իր թագավորության նոր մայրաքաղաքը: Կարսը կարճ ժամանակամիջոցում աճեց, կառուցապատվեց և դարձավ Հայաստանի նշանավոր քաղաքներից մեկը: Երկարատև և ավերիչ պատերազմից հետո բնակչությունը ձեռնամուխ եղավ երկրի քայքայված տնտեսությունը վերականգնելուն:

Կենտրոնական իշխանության հզորացմանն էր ձգտում նաև Հայոց եկեղեցին: Նկատի առնելով այդ հանգամանքը՝ Աբասը 948թ. Աղթամար կղզուց կաթողիկոսական աթոռը տեղափոխեց պետության մայրաքաղաք: Անանիա Մոկացի կաթողիկոսը հաստատվեց Կարսում: Հետագայում այն տեղափոխվեց սկզբում Շիրակի Արգինայի վանքը, իսկ այնուհետև՝ Անի:
 
Աբասին հաջորդեց նրա որդի Աշոտ Գ-ն (953-977): Վերջինս պետության ամրապնդման ու կենտրոնացման համար ավելի վճռական քայլերի դիմեց: Նա էլ ավելի մեծացրեց մշտական բանակը, որը պետք է պաշտպաներ երկրի անվտանգությունը: Հայոց բանակը պարտության մատնեց կովկասյան լեռնցիներին՝ վերջ դնելով նրանց ասպատակություններին:
 
Երկրում մեծ չափերով ծավալվում էր շինարարությունը: Երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին վանքեր, դպրոցներ ու հիվանդանոցներ: Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում հիմնեց Սանահնի և Հաղպատի նշանավոր վանքերը: Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ: Աշոտ Գ-ն հոգատար էր աղքատների, կույրերի, անդամալույծների նկատմամբ: Նրանց համար բացվում էին հիվանդանոցներ և այլ բարեգործական հաստատություններ: Դրա համար էլ ստացավ Ողորմած մականունը: Սակայն Աշոտ Ողորմածը հարկ եղած պահին մարտի դաշտում էր: Այսպես, 974թ. հայոց բանակը նրա գլխավորությամբ դուրս եկավ Հովհան Չմշկիկի բյուզանդական բանակի դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքերը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: