Հանրագիտարան

Հայերի ընդվզումն արաբական տիրապետության դեմ (703թ.)

Նեղվելով արաբների ծանր հարկային լծից, հայ նախարարները 703թ. հայոց իշխան Սմբատ Բագրատունու ղեկավարությամբ գաղտնի ժողով գումարեցին:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չգտնելով՝ նրանք որոշեցին հեռանալ Բյուզանդիայի սահմանները: Նրանց երկուհազարանոց հեծելազորը հասավ Ակոռի ավան: Հեռացող հայերին վերադարձնելու համար նրանց հետապնդելու դուրս Եկավ արաբական մի մեծաթիվ զորաբանակ: Հայկական այրուձին ստիպված եղավ ամրանալ Երասխի ափին գտնվող Վարդանակերտ ավանում: Արաբների ներկայացրած հետ վերադառնալու վերջնագրի պատճառով կողմերի միջև ընդհարումն անխուսափելի դարձավ: Առավոտյան հայկական ուժերը նախահարձակ եղան: Այրարատյան դաշտի ցրտաշունչ ձմռան գիշերը բաց երկնքի տակ մնացած հակառակորդը, կորցնելով մարտունակությունը, ի վիճակի չեղավ դիմադրելու և ջախջախվեց: Թշնամու կենդանի մնացած զինվորները շտապեցին անցնել Երասխը: Սակայն գետը պատած բարակ սառույցը ջարդվեց, ու նրանք ջրասույզ եղան: Արաբական հինգ հազարի հասնող զինվորներից Վարդանակերտում փրկվեցին միայն 300-ը, այն էլ մի հայ իշխանուհու միջնորդությամբ: Սմբատ Բագրատունին մի խումբ նախարարների հետ հաստատվեց Տայքում և բանակցություններ սկսեց Բյուզանդական կայսրության հետ արաբների դեմ համատեղ պայքարելու առաջարկով: Ապստամբները հաջողության հասան նաև Ռշտունիքում և Վանանդում, որտեղ արաբական հրոսակները գլխովին ջախջախվեցին: Սակայն դրանից հետո սկսված պարսկա-բյուզանդական պատերազմում բյուզանդացիները պարտվեցին, իսկ լրացուցիչ ուղարկված արաբական ուժերը ապստամբությունը ճնշեցին:

 
703թ. ապստամբությունը թեև արաբների դեմ առաջին զինված ելույթն էր, անհետևանք չանցավ: Այն թե' հաղթանակի հույսեր արթնացրեց հայերի մեջ և թե' ամրապնդեց հայ զինվորականության մարտական ոգին: Խալիֆայությունն էլ իր հերթին ստիպված էր առժամանակ վարելու հարաբերական մեղմ ու հանդուրժողական քաղաքականություն: Նոր նշանակված ոստիկանը երկիրը լքած նախարարներին կոչ արեց վերադառնալ հայրենիք և ճանաչեց նրանց ժառանգատիրական իրավունքը, ինչն սկզբում արաբները վերացրել էին: Այնուամենայնիվ, արաբները կարճ ժամանակ անց դաժան հաշվեհարդար տեսան հայ նախարարության հետ՝ իրենց պարտության համար: Նախճավանում նստող արաբ զորավարը 705թ. իր մոտ կանչեց հայ նախարարներին (շուրջ 2000 մարդ) այրուձիի հաշվառման և ռոճիկ վճարելու պատրվակով: Սակայն նրանց փակեցին Նախճավանի և Խրամ ավանի եկեղեցիներում ու հրկիզեցին: Հայ ազնվականությունը ծանր հարված ստացավ, սակայն հայերի մարտական ոգին չկոտրվեց:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: