Հանրագիտարան

Պարսից արքունիքի քաղաքականությունը

Սասանյան Պարսկաստանի համեմատաբար հանդուրժողական և մեղմ քաղաքականությունը բացատրվում էր տերության ներքին ծանր ճգնաժամով:

Ապստամբել էին հպատակ ժողովուրդները, իսկ պարսից զորքերը դժվարին պաշտպանական մարտեր էին մղում երկրի սահմաններում:

Խոսրով Ա Անուշիրվան (531-578) թագավորի օրոք Պարսկաստանը ներքին և արտաքին քաղաքականության մեջ խոշոր հաջողությունների հասավ, ինչը Պարսկաստանին հնարավորություն տվեց վերանորոգելու հայերին ձուլելու և Հայաստանի կիսանկախ վիճակը վերացնելու քաղաքականությունը: Այդ նպատակին էին ծառայում վարչական փոփոխությունները, հարկային քաղաքականությունը, զրադաշտականության տարածման ծրագիրը:
 
Խոսրովի օրոք Սասանյան Պարսկաստանը բաժանվեց չորս քուստակների կամ կողմերի, որոնք իրենց հերթին բաղկացած էին մարզպանություններից ու առանձին աշխարհներից: Արևելյան Հայաստանը Վիրքի ու Աղվանքի հետ միասին մտնում էր Հյուսիսային քուստակի մեջ և ենթարկվում նրա կառավարիչ փոխարքային: Դրա արդյունքում Հայաստանը կորցնում էր նախկին բավականաչափ բարձր դիրքը: Եթե առաջներում Հայաստանի մարզպանն անմիջականորեն ենթակա էր պարսից արքունիքին, ապա այժմ զրկվում էր այդ արտոնյալ դիրքից: Հայաստանը ոչ միայն վերածվում էր երկրորդական մարզի, այլև նշանակալիորեն զրկվում էր ներքին ինքնուրույնությունից:
 
Հայաստանի համար խիստ անբարենպաստ էր պարսիկների հարկային նոր քաղաքականությունը: Անցկացվեց աշխարհագիր, ու հարկերի գանձման կարգը փոխվեց: Նախկինում հարկերը գանձվում էին բնամթերքով, այսինքն՝ գյուղացիները հարկահավաքին էին հանձնում ստացված բերքի մի մասը: Այժմ նրանք պարտավոր էին հարկերի մի մասը վճարել դրամով: Առևտրական ուղիներից և քաղաքներից հեռու ապրող գյուղացիների համար դրամ ճարելը չափազանց դժվար էր: Նրանք հարկադրված էին բարձր տոկոսներով պարտքով դրամ վերցնել վաշխառուներից: Պարսիկների հարկային նոր քաղաքականությունը հարուցեց ոչ միայն հասարակ ժողովրդի, այլև ազնվականության ու հոգևորականության դժգոհությունը: Այդ խավերը, ճիշտ է, ազատված էին գլխահարկից, բայց պարտավոր էին հողահարկ վճարել: Այս ամենի հետ մեկտեղ, պարսիկները չէին հրաժարվել զրադաշտականության տարածման և կրոնական հալածանքների քաղաքականությունից:
 
Պարսից արքունիքը Վահան Մամիկոնյանին փոխարինած եղբոր՝ Վարդի մահից հետո մարզպանի պաշտոնը կրկին հանձնում է պարսիկների: Միայն առանձին դեպքերում էր այդ պաշտոնը վստահվում հայ նախարարներին: Իսկ պարսիկ պաշտոնյաները հաճախ էին բռնություններ գործադրում և ապօրինությունների դիմում: Պարսից իշխանությունների կամայականությունները հատկապես անտանելի դարձան, երբ Հայաստանի մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը: Արքունիքը նրան լայն իրավունքներ էր տվել և Հայաստան ուղարկել մեծաթիվ ընտիր այրուձիով: Նոր մարզպանը, տեսնելով Հայաստանում դժգոհության տարածումը, որոշեց սկզբից ևեթ ահաբեկել հայերին: Սպանվեց Մանվել Մամիկոնյանը, կրկին սաստկացան քրիստոնյաների բացահայտ ճնշումներն ու հարստահարությունները:
 
Խոսրով Ա թագավորի հպատակ ժողովուրդների դեմ ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև պարսկական իշխանությունների չարաշահումները, լցրեցին հայերի համբերության բաժակը: Երկիրը կանգնած էր ապստամբության եզրին և վճռական գործողությունների դիմելու ազդանշանի էր սպասում:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: