Հանրագիտարան

Թարգմանչական գրականությունը: «Աստվածաշնչի» թարգմանությունը

Քրիստոնեությունը, ինչպես նշվեց, հայոց գրերը մատչելի դարձրեց շատերին: Իր հերթին հայոց գրերի կիրառությունը մեծապես օգնեց ժողովրդի մեջ քրիստոնեության տարածմանն ու նրա վարդապետության քարոզչությանը:

Ժողովուրդն ընդունել էր նոր կրոնը, սակայն քանի որ քարոզչությունը տարվում էր հունարենով կամ ասորերենով, այն շարունակում էր նրա համար մնալ մեծ մասամբ անհասկանալի: Հոգևորականության մեջ դեռևս զգալի թիվ էին կազմում օտարազգիները: Հայոց գրերի ստեղծումը զարկ տվեց թարգմանական գրականության հանդես գալուն: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ ձեռնամուխ եղան «Աստվածաշնչի» հիրավի փայլուն թարգմանությանը: Պատահական չէ, որ ուսումնասիրողներն այն անվանում են «Թագուհի թարգմանությանց»: Այնուհետև նրանք սկսեցին հայերեն թարգմանել Հին աշխարհի նշանավոր շատ հեղինակների գործեր:

Բնութագրելով նրանց գործունեությունը՝ Լեոն միանգամայն իրավացիորեն գրում է. «Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Ավանդությունը հականե հանվանե ցույց է տալիս, թե որոնք են Սահակի և Մաշտոցի հեղինակած շարականները: Նրանց սկսածը շարունակեցին իրենց աշակերտները, այնպես որ Ոսկեդարը հանձնեց իր հաջորդ դարերին հոգևոր բանաստեղծությունների մի մեծ շարք»:

Հին հայերենը՝ գրաբարը, որն արդեն մեծապես մշակվել էր հեթանոսական մեհյաններում, հենց սկզբից դրսևորեց գրական լեզվի ճկունությունն ու գեղեցկությունը: Գրաբարը, որ խոսակցական լեզու էր Այրարատում, այժմ էլ ավելի մշակվեց, հղկվեց և հետագայում իրավամբ վաստակեց ոսկեդարյան լեզու անունը: Թարգմանական գրականության ըստ ամենայնի զարգացումը զարկ տվեց նաև հայոց լեզվով ազգային պատմագրության ու գրականության զարգացմանը: Անկախ պետականությունը կորցնելուց հետո այն դարձավ հայությանը միավորող հզոր միջոց: V դարը դարձավ հայ մշակույթի զարգացման Ոսկեդարը:

Աղբյուր`   Lib.armedu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: