Հանրագիտարան

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից:

Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:

Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:
 
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ): Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:
 
Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք:
 
Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռահ (Երասխ) գետի ափին:
 
Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում:
 
Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում: Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական:
 
Մեսրոպ Մաշտոցը մեծ հայրենասեր էր, իսկ նրա կյանքն իսկական սխրագործություն: Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: Դրանից մի փոքր առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: