Հանրագիտարան

Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ:

Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ: Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:

Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: