Հանրագիտարան

Ապստամբության սկիզբը: Ակոռիի հաղթանակը

481թ. պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը: Վախթանգ թագավորն սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը:

Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպանին և ապստամբել: Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը: Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական: Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն: Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը: Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:

Ապստամբների համար ակնհայտ էր, որ պարսիկները ձգտելու են արագորեն ճնշել ազատագրական շարժումը: Եվ իրոք, Հայաստանից փախած մարզպանը հավաքեց Ատրպատականում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի Այրարատ: Պարսիկները շտապում էրն իր բնում ճզմել ապստամբությունը, արյան մեջ խեղդել հայերի նոր ելույթը և թույլ չտալ, որ ապստամբության կրակը տարածվի ամբողջ Հայաստանում:
 
Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց: Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը: Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ: Պարսիկները մեծ զոհեր տվեցին, իսկ ճակատամարտում սպանվեց նաև պարսկական զորքի հրամանատար մարզպանը: Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը: Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում: 
Վահան Մամիկոնյանի կոչով շարժմանը միացան Հարավային Հայաստանի՝ Մոկաց, Ռշտունյաց, Անձևացյաց նախարարները: Անհրաժեշտ էր համախմբել ուժերը, որովհետև պարսիկները պատրաստվում էին 482թ. գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա:
 
Աղբյուր`  Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: