Հանրագիտարան

1600թ. Հռոմում այրեցին Ջորդանո Բրունոյին

Իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն ծնվել է 1548թ. Նեապոլից ոչ հեռու գտնվող մի ավանում: Սովորել է Նեապոլի եկեղեցական դպրոցում: 1584 թվականին Ջորդանո Բրունոն գրել է «Տիեզերքի և աշխարհի անսահմանության մասին» աշխատությունը, որում հայտարարվում է`   տիեզերքն անսահմանափակ է, Երկիրը նրա կենտրոնը չէ, ավելին՝ այն պտտվում է Արեգակի շուրջ, որն էլ իր հերթին ընդամենն աստղ է:

Ջորդանո Բրունոն հիշատակում է ոչ երկրային կյանքի հնարավորին գոյության մասին: Նրա հետ մենք արիստոտելյան սահմանափակ տիեզերքից անցում ենք կատարում դեպի ահռելի մեծ և անծայր տիեզերք: Ջորդանո Բրունոն շրջել է ողջ Եվրոպայով մեկ:

 

Նա արտասովոր հիշողություն ուներ, այսպես՝ անգիր կարող էր ասել քաղաքացիական և եկեղեցական իրավունքների 26000 կանոն ու 6000 հատված Աստվածաշնչից: Այս ամենի շնորհիվ նա Եվրոպայում ընդունվում էր որպես մարգարե: Նա հմայում էր իր հռետորական տաղանդով և գիտելիքներով:

 

Բրունոն մերժում էր բոլոր դոգմաները`   թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ: Եկեղեցու համար սա չափից ավել էր, ուստի շուտով Ջորդանո Բրունոյին ձերբակալում են: Նրան տանջանքների են ենթարկում, բայց այդպես էլ չի հերքում իր ասածները:

 

Վերջ ի վերջո նրան կենդանի այրում են Հռոմի հրապարակում: Նրա բերանը փակում են, որպեսզի կրակի վրա էլ անգամ չխոսի անսահման տիեզերքի մասին: Բրունոյի կտակը, որը գրվել էր բանտում, առանց կարդալու պատռում են:
 
33 տարի անց`   նմանատիպ գործընթացի ժամանակ, որը կազմակերպվել էր նույն դատավորների գլխավորությամբ, Գալիլեյը նախընտրում է նահանջել: Տարօրինակ է, բայց առաջինին որպես պարգև բաժին ընկավ մոռացությունը, իսկ երկրորդին փառքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: