Հանրագիտարան

Փող (հրազենի)

Փողը հրազենի հիմնական մասն է, նախատեսված է արկի (ականի, նռնակի, գնդակի) ցանկալի ուղղությամբ ու որոշակի սկզբնական արագությամբ նետման համար:

Փողը խողովակ է, որը լիցքի բռնկումից առաջացած գազերի շնորհիվ արկին հաղորդում է ուղղորդված արագացում: Լինում է հիմնականում մետաղյա: Փողանցքը բաղկացած է, լիցքախցից(փամփշտանոց) և հիմնական մասից: Փողի հետնամասի(լիցքախցին համապատասխան մասի) հակառակ մասը կոչվում է փողաբերան: Փողի այն մասը, որ ընկած է լիցքախցի և փողաբերանի միջև կոչվում է փողի աշխատանքային երկարություն: Փողի երկարությունը չափվում է ըստ փողի տրամաչափի կամ միլիմետրերով(որոշ երկրներում դյույմերով): Հրազենը կարող է լիցքավորվել փողի հետնամասից կամ փողաբերանից: Փողաբերանից լիցքավորվող զենքերի դեպքում փողի հետնամասը փակ է:

Ժամանակակից զինատեսակները հիմնականում լիցքավորվում են փողի հետնամասից՝ լիցքախցից, այն ձեռքի հրազենների դեպքում կոչվում է փամփշտանոց: Լիցքավորելուց հետո փողի լիցքախուցը փակվում է փակաղակով: Որոշ հրանոթների դեպքում փակաղակը փակվելիս մտնում է փողի ետնամասի մեջ ընդհուպ մինչև լիցքախուց, փողանցքի խոռոչի այդ մասը, որը փակվելիս գրավում է փակաղակը կոչվում է լցամաս:

Շատ հաճախ կրակոցի հետևանքով առաջացած հետհարվածը մեղմացնելու նպատակով թնդանոթների փողաբերանին ամրացվում է փողային արգելակ: Տանկային և որոշ հրետանային փողերը վառոդային գազերից մաքրման համար փողի վրա պատրաստված է հատուկ արտարկիչ: Փողի հիմնական մասը ծառայում է պահանջվող սկզբնական արագությամբ արկին (գնդակին) ուղղորդված արագացում հաղիրդելու համար: Ակոսափող հրազենի դեպքում արկի թռիչքը ավելի կայունացնելու համար, փողանցքի մակերևույթին իրականացվում են հատուկ ակոսներ արկին իր թռիչքի հետագծի շուրջ պտտեցնելու համար: Անհետգլորք հրանոթների և ականանետերի փողերը հիմնականում հարթ են: Անհետգլորք հրանոթների փողը լցամասում ունեն հատուկ լայնացում, որը ծառայում է կրակոցից առաջացած գազերի մի մասը փողի հետնամասից բաց թողնելու համար:

Ձեռքի հրազենների փողը համեմատաբար ավելի բարակապատ է և կրակելիս քիչ է տաքանում: Որոշ դեպքերում միջին և մանր տրամաչափի ավտոմատ հրազենների փողերը ունեն հիդրավլիկ հովացման համակարգ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: