Առողջապահություն

Տնային դեղատուփ. առաջին օգնության դեղորայքային փաթեթ

Յուրաքանչյուրիս անհրաժեշտ է դեղերի մի փաթեթ ունենալ, որը կօգնի և՛ իրեն, և՛ շրջապատին՝ առաջին օգնություն ցուցաբերելու գլխացավի, ատամնացավի, մարմնի բարձր ջերմաստիճանի կամ ստամոքսի խանգարման դեպքում։ Այդ իսկ պատճառով հարկավոր է իմանալ, թե որոնք են այսպես կոչված առաջին անհրաժեշտության դեղամիջոցները, որոնք կարելի է կիրառել առանց բժշկի նախնական խորհրդի։

Միաժամանակ անհրաժեշտ է հիշել, որ առաջին օգնությունից հետո պետք է անպայման դիմել մասնագետի օգնության։ Տնային պայմաններում և աշխատանքի վայրում առաջին բուժօգնություն պահանջող հիմնական դեպքերը և ախտանիշները հետևյալն են.

1. վնասվածք,
2. այրվածք,
3. ուշաթափություն,
4. թունավորում,
5. փորլուծություն,
6. ալերգիկ հակազդեցություն,
7. մրսածություն,
8. ցավային ախտանիշ,
9. սրտանոթային խանգարումներ,
10. բորբոքում։
 
Ի դեպ, առաջին օգնության դեղորայքային փաթեթը հարկավոր է նաև ճանապարհորդության ընթացքում։
 
Ինչպե՞ս է ձևավորվում տնային դեղատուփը
 
Առաջին հերթին հարկավոր է որոշել պահպանման ճիշտ տեղը։ Ցանկալի է, որ այն լինի ձեռքի տակ, սակայն`   երեխաների համար անհասանելի տեղում։ Հույժ կարևոր է ձեր ուշադրությունը դեղատուփի մեջ ուժեղ ազդեցության դեղամիջոցների (հակագերճնշումային, քնաբեր, ցավազրկող և այլն) առկայության դեպքում։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում տուփը պահելսենյակի կամ խոհանոցի վերին դարակներում։
 
Դեղերի պահպանման համար հիմնականում անհրաժեշտ են սառը, մութ և չոր պայմաններ։ Հետևաբար, հարկավոր էկացարանում ընտրել այս պահանջներին լավագույնս համապատասխանող անկյուն։ Օրինակ. հեղուկ հակաբիոտիկները, գլյուկոզան, հակահազային օշարակը, աչքի կաթիլները, բուսական թրմուկները խորհուրդ է տրվում պահել սառնարանում`   չհասցնելով նրանց սառցակալման։ Անիմաստ է այս դեղամիջոցները ձեռք բերել նախօրոք և մեծ քանակությամբ, քանի որ դրանց վաղեմության ժամկետը, որպես օրենք, երկարատև չէ։ Առհասարակ, հարկավոր է կես տարին մեկ վերանայել դեղատուփի պարունակությունը։ Բոլոր դեղերի փաթեթներին պետք է նշված լինի վաղեմության ժամկետը։ Հինգ տարուց ավելի վաղեմության ժամկետով դեղերը, առանց վարանելու, հարկավոր է դեն նետել, քանզի դրանց ընդունումը անիմաստ է,իսկ որոշ դեպքերում նույնիսկ`   վտանգավոր։ Դեղն ընդունելուց առաջ ուշադիր զննե՛ք դեղամիջոցի բացատրական պիտակի վրայի նշումները։ Վաղեմության ժամկետի նկատմամբ անփույթ վերաբերմունքը կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։
 
Դեղատան պայմաններում պատրաստված դեղամիջոցները նախատեսված չեն երկարատև պահպանման համար։ Թուրմերը, եփուկներն ու խառնուրդներն ունեն ամենակարճ պահպանման ժամկետ։ Սենյակային պայմաններում այդմիջոցները չի կարելի պահել 2-3 օրից ավելի։ Հեղուկը պղտորվելու և նրանում նստվածք գոյանալուն պես այն հարկավոր էդեն նետել, քանզի օգտագործման համար այն այլևս պիտանի չէ։
 
Տան պայմաններում դեղերը պահելու համար ցանկալի է ընտրել այնպիսի մի արկղ, որում դասավորված դեղերը շուռ չգան։Կարելի է օգտվել արդեն իսկ պատրաստի վաճառվող դեղատուփերից, որոնք շատ հարմար են, կոմպակտ և որ բացելուն պես բոլոր դեղերը երևում են։
Սպիրտի հիման վրա պատրաստված կաթիլները պետք է պահել հերմետիկ փակվող սրվակների, իսկ քսուկները`   լավ փակվող տարաների մեջ։
 
Փոշու տեսքով դեղամիջոցները, հաբերը, մանր դեղահատերն անհրաժեշտ է պահել չոր, լույսից հեռու տեղում։ Հիշե՛ք, որ չի կարելի կիրառել խունացած և խոնավացած դեղամիջոցները։ Հակաբիոտիկները (բենզիլպենիցիլին, քլորտետրացիկլին, ստրեպտոմիցին և այլն) հարկավոր է պահել չոր միջավայրում, որի ջերմաստիճանը +1˚- +10˚ է ըստ Ցելսիուսի սանդղակի։
 
Ի՞նչ պետք է պարունակի տնային դեղատուփը
 
Դեղատուփի մեջ անհրաժեշտ է ունենալ ստերիլ փաթեթավորված բինտ կամ անձեռոցիկ, որը պիտանի է երկար պահպանման համար։ Ոչ ստերիլ փաթեթավորման բինտը նունպես անհրաժեշտություն է, քանի որ այն շատ հարմար է հարբուխի ժամանակ`   որպես մեկ անգամ օգտագործվող թաշկինակ, կամ էլ որպես այունահոսություն կանգնեցնող սեղմիչ:
 
Առաջին անհրաժեշտության պարագաներից են նաև.
 
  1. ստերիլ և ոչ ստերիլ բամբակը,
  2. սովորական և հականեխիչ կպչուն ժապավենը,
  3. կաթոցիչը,
  4. քսուկների համար նախատեսված փոքրիկ թիակները,
  5. սնդիկային ջերմաչափը,
  6. ներշնչակը՝ քիթ-կոկորդային հիվանդությունների համար:
  7. Յոդը, որը կկիրառվի մանր վնասվածքների ախտահանման և տարբեր նպատակների համար (սրսկումից առաջացած կոշտուկների, նյարդի բորբոքման և այլն)։ Մեծ տրամաչափի և խորը վերքերի դեպքում այն մշակում են յոդով`   միայն եզրերից, որպեսզի չգրգռվի առանց այն էլ վնասված հյուսվածքը (այլընտրանք է Բետադինի լուծույթը, որով մշակում են նույնիսկ բաց վերքերը և սեռական օրգանները):
  8. Զմրուխտ-կանաչ լուծույթը, որն օգտագործվում է վերքերի և ջրծաղիկի հետևանքով առաջացած բշտիկների մշակման համար:
  9. Կալիումի մանգանաթթուն, որի նոսր լուծույթն օգտագործվում է թունավորման կասկածի ժամանակ`   ստամոքսի և աղիների լվացման նպատակով։ Իսկ խիտ լուծույթով մշակում են խիստ աղտոտված վերքերը:
  10. Մանանեխի կպչանը, ջերմակը, սառույցի պարկը, հոգնայի պիտույքը, ջուր չներծծող տակաշորը, բժշկական ձեռնոցները, զարկերակային ճնշում չափելու սարքը, ֆոնենդոսկոպը, միանվագ օգտագործման ներարկիչները, պինցետը, բութ ծայրով մկրատը, ախտահանման տուփը և այլն: 
Թվարկածը`   փաթեթի նվազագույն և մշտական պարունակությունն է, որին յուրաքանչուր անհատ կավելացնի իրեն անհրաժեշտ դեղերը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց:
 
Եթե տնային դեղատուփի որևէ դեղամիջոց ալերգիկ հակազդեցության պատճառ է հանդիսացել (քոր, ցան, փորլուծություն,սրտխառնոց)`   այդ դեղամիջոցը հարկավոր է անմիջապես բացառել։ Ալերգիկ հակազդեցություններից խուսափելու համար դեղամիջոցները հարկավոր է ընդունել 100 մլ-ից ոչ պակաս մաքուր ջրով։ Նկատվել է, որ պառկած վիճակում ընդունած դեղահաբն ավելի ուշ և դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում դեղն ընդունել ուղղահայաց դիրքում:
 
Արգելվում է փոքր երեխաներին բուժել մեծահասակների համար նախատեսված դեղամիջոցներով։ Մանուկներին պետք է հատկացվի առանձին դեղատուփ, որի պարունակությունը պետք է ընտրվի բժիշկի խորհրդով:
 
Արտաքին և ներքին օգտագործման դեղամիջոցները պետք է դրված լինեն տարբեր ենթաբաժիններում, իսկ թունավոր նյութերը հարկ է ընդհանրապես առանձնացնել:
 
Մինչ կողմնակի ազդեցություն ունեցող դեղեր ձեռք բերելը, խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ։ «Մի՛ վնասիր» բժշկական կարգախոսը պետք է դառնա նաև ձերը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: