Հանրագիտարան

Զենք

Զենքը հակառակորդի կենդանի ուժը, տեխնիկան և ամրաշինական կառույցները ոչնչացնելու համար կիրառվող սարքերի և միջոցների ամբողջությունն է:

Զինված պայքարում հակառակորդին ոչնչացնելու համար օգտագործվող միջոցները կոչվում են մարտական զենք: Կան նաև անհատական գործածման՝ ծառայողական և քաղաքացիական զենքեր, որոնք, ի տարբերություն մարտական զենքի, ունեն սահմանափակ հեռահարություն, փոքր ճշգրտություն և տրամաչափ:Տարբերում են ժամանակակից մարտական զենքի հետևյալ տեսակները՝ սովորական, զանգվածային ոչնչացման ու ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված՝ ռազմավարական, օպերատիվ-մարտավարական և մարտավարական:

Հնագույն ժամանակներից մարդիկ  թշնամիների ու վայրի կենդանիների հարձակումներից պաշտպանվել են զենքով:
Նախնադարյան մարդիկ կռվում էին պարզունակ զենքերով՝ մահակով, քարակոփ փայտե նիզակներով, պարսատիկներով, ավելի ուշ՝ նետ ու աղեղով և քարե կացիններով: Մետաղի հայտնագործումից հետո երևան եկավ «սառը զենքը»՝ բրոնզե և երկաթե սուր շեղբերով նիզակները, սակրերը, թրերն ու դաշույնները: VIII դարում չինացիները հայտնաբերեցին վառոդը, որի`   մարտական գործողություններում կիրառումով ստեղծվեց հրազենը: XIII դարում ստեղծվեցին առաջին թնդանոթները, ավելի ուշ՝ հրացանները (հաջողված էին արկեբուզները): Թնդանոթների նոր տեսակների (ռմբարդ, մորտիր և այլն) մարտական կիրառության առաջին փորձերի, հրետասայլակի և թուջե արկի նախագծմանը զուգընթաց`   1521 թ-ին ստեղծվեց հարթափող պատրույգավոր հրազենը՝ մուշկետը:
 
XVII դարում ստեղծվեցին կայծքարե փականքով, ապա՝ ակոսավոր հրացանները (շտուցեր) և թղթե պարկուճով փամփուշտները, որի հետևանքով նվազեց զենքի քաշը, ու մեծացավ արագաձգությունը: 1870-ական թվականներին ստեղծվեցին միափող գնդացիրներ: 1884 թ-ին Պաուլ Վիելը ստացավ անծուխ (պիրոքսիլինային), 1888 թ-ին Ալֆրեդ Նոբելը՝ բալիստիտային, իսկ 1892 թ-ին Դմիտրի Մենդելեևը՝ պիրոկոլոիդային վառոդը, ստեղծվեցին մետաղական պարկուճով միասնական փամփուշտը և արկը: 1890-ական թվականներին ստեղծվեցին առաջին սուզանավերը, 1903 թ-ին՝ ինքնաթիռները, 1916 թ-ին՝ տանկերը և ինքնալիցքավորվող (ավտոմատ) հրացանները:
 
Սովորական զենքի (հրազեն, ռեակտիվ, հրթիռային, ռմբակոծման, տորպեդային և հրկիզող զենքեր, ճարտարագիտական ու ծովային ականներ և սառը զենք) մարտական կիրառման հետևանքով զանգվածային կորուստներ և փլուզումներ չեն լինում:
 
Զանգվածային ոչնչացման զենքը (միջուկային, քիմիական և կենսաբանական, ԶՈԶ) առաջացնում է զանգվածային կորուստներ և փլուզումներ՝ ընդհուպ շրջակա միջավայրի պայմանների անվերադարձ փոփոխությունները: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: