Կարդալուց հետո դուք կկարողանաք.
• Զանազանել տարբեր բնույթի աղետները,
• Բացատրել, թե ինչպես է կատարվում տուժածների տեսակավորումը,
• Կատարել տուժածների տեսակավորում, երբ տուժածների թիվը մեկից ավել է,
• Իմանալ անվտանգության հիմնական քայլերը տարբեր աղետների դեպքում,
• Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածների:
Հայաստանում բարձր է բնական և մարդու գործունեության հետ կապված աղետների հավանականությունը: Աղետների դեպքում ձեր օգնության կարիքը կարող են ունենալ մի քանի տուժածներ: Հնարավոր է նաև, որդուք ստիպված լինեք գործել այնպիսի իրավիճակում, երբ շրջապատող պայմանները խոչընդոտում են առաջին օգնության ցուցաբերմանը: Հայտնվելով նման իրավիճակներում՝ դուք պետք է արագ գնահատեք իրավիճակը, որոշեք, թե ինչ ուժեր են պետք աղետի հետևանքները նվազագույնի հասցնելու համար, և ինչպես լավագույն ձևով կազմակերպել օգնության ցուցաբերումը:
Այս առումով հույժ կարևորվում է բնական և մարդու գործունեության հետ կապված զանազան աղետներին նախապատրաստությունը:
ԲԱԶՄԱԹԻՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Այն դեպքերում, երբ դուք գործ ունեք միայն մեկ տուժածի հետ, ըստ հրատապ գործողությունների փուլերի, անհրաժեշտ է կատարել առաջնային զննում և առաջին հերթին ուշադրություն դարձնել կյանքին անմիջական սպառնացող պայմաններին: Այս մոտեցումը անընդունելի է, երբ տուժածները ավելի շատ են, քան օգնողները: Նման դեպքերում դուք պետք է որոշեք, թե ով ավելի շատ ունի ձեր օգնության կարիքը: Օգնություն ցուցաբերելով ծանր վնասվածքներ ունեցող տուժածին, հնարավոր է, որ դուք չկարողանաք փրկել նրա կյանքը, իսկ այդ ընթացքում կարող են մահանալ այն տուժածները, որոնց դուք կարող էիք փրկել: Օրինակ՝քննարկենք մի դեպք, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ վնասվածքներ են ստացել երեք մարդ: Նրանցից մեկը ստացել է գլխի, կրծքավանդակի ծանր վնասվածքներ և չի շնչում, երկրորդն ունի ուժեղ արյունահոսություն, իսկ երրորդը՝ սրունքի կոտրվածք: Եթե դուք սկսեք ԱՇ կատարել առաջին տուժածին, հաշվի առնելով նրա վնասվածքի ծանրությունը, հնարավոր է, որ չկարողանաք փրկել նրան: Այդ ժամանակ երկրորդ տուժածը կարող է մահանալ մեծ քանակով արյան կորստից, իսկ երրորդը կարող է ցավից կորցնել գիտակցությունը, շնչահեղձ լինել և նույնպես մահանալ, քանի որ լեզուն հետ գնալով՝ փակել է շնչուղիները: Այսպիսով, չնայած ձեր բոլոր ջանքերին, երեք տուժածն էլ կարող են մահանալ: Իսկ եթե դուք առաջին հերթին դադարեցնեք երկրորդ տուժածի արյունահոսությունը, հետո անշարժացնեք երրորդ տուժածի վնասված վերջույթը, իսկ գիտակցության կորստի դեպքում բերեք նրան ԿԱԴ-ի, ապա կարող եք փրկել նրանց երկուսի կյանքը:
Բազմաթիվ տուժածների դեպքում անհրաժեշտ է փոխել տուժածների զննման սկզբունքը: Դուք պետք է կարողանաք ճիշտ կողմնորոշվել, թե տուժածներից որին է պետք առաջնահերթ օգնություն ցուցաբերել: Դուք պետք է հասկանաք, որ կան դեպքեր, երբ բոլոր տուժածներին փրկելն անհնար է: Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ տուժածը կարող է մահանալ: Բազմաթիվ տուժածների դեպքում պետք է արագ կատարել տուժածների տեսակավորում: Տեսակավորումը բազմաթիվ տուժածների դասակարգումն է ըստ օգնության ցուցաբերման առաջնահերթության: Համաձայն պարզ դասակարգման համակարգի, անհրաժեշտ է ստուգել երեք պայման. շնչառությունը, արյան շրջանառությունը և գիտակցության մակարդակը (նկ. 24.1): Ստուգելով այդ պայմանները՝ դուք դասակարգում եք տուժածներին երեք խմբերի, որոնք արտացոլում են վնասվածքի կամ հիվանդության ծանրության աստիճանը և պահանջվող օգնությունը: Այդ մակարդակներն են՝ «անհապաղ օգնության կարիք ունեցող», «օգնության կարիք ունեցող» և «մահացած՝ չփրկվող»: Դասակարգման այս համակարգն օգտագործելու համար պահանջվում է, որ դեպքի վայրը լքեն այն տուժածները, որոնք ունեն փոքր, ոչ լուրջ վնասվածքներ և կարող են քայլել: Երբեմն նման տուժածներին անվանում են «քայլող տուժածներ»: Նրանք պետք է հեռանան դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա և սպասեն այնտեղ լրացուցիչ օգնության ժամանմանը: Այս քայլը շատ կարևոր է, որովհետև թույլ է տալիս նվազեցնել այն տուժածների թիվը, որոնց պետք է զննել: Այնուհետև արագ զննեք մնացած տուժածներին և փորձեք գնահատել նրանց վիճակի ծանրությունը: Առաջին մակարդակն «անհապաղ օգնության կարիք ունեցող» տուժածներն են, որոնց մոտ առկա է կյանքին անմիջական սպառնացող վտանգ: Օրինակ՝ տուժած, որին փրկելու համար անհրաժեշտ է միայն ապահովել շնչուղիների անցանելիությունը: Երկրորդ մակարդակն «օգնության կարիք ունեցող» տուժածներն են, որոնք ունեն կյանքին անմիջական չսպառնացող տարբեր վնասվածքներ, և որոնց օգնության ցուցաբերումը կարելի է որոշ ժամանակով հետաձգել: Երրորդ մակարդակը «մահացած՝ չփրկվող» տուժածներն են, որոնք չեն շնչում և նրանց շնչառությունը չի վերականգնվում շնչուղիները բացելուց հետո:
Տեսակավորումը կատարելուց հետո ցանկալի է ինչ-որ ձևով նշել տուժածներին, որպեսզի ձեզ և ուրիշ օգնողների համար հեշտ լինի հետագայում կողմնորոշվել: Օրինակ՝ նշելու համար փրկարարներն օգտագործում են տարբեր գույնի ժապավեններ կամ պիտակներ, որոնք ամրացնում են տուժածի ձեռքին, հագուստին կամ որևէ այլ երևացող տեղ.
-
«անհապաղ օգնության կարիք ունեցող»՝ կարմիր,
-
«օգնության կարիք ունեցող»՝ դեղին կամ կանաչ,
-
«մահացած՝ չփրկվող»՝ սև կամ մոխրագույն:
Հեշտ չէ որոշում ընդունել, թե ում է պետք օգնել, սակայն դա անհրաժեշտ քայլ է: Միշտ հետևեք «անել այն ամենը, ինչը թույլ կտա հնարավորինս շատ տուժածներ փրկել» սկզբունքին:
ԱՂԵՏՆԵՐ
Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին: Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված (աղյուսակ 24.1): Որոշ աղետների դեպքում հասարակությունը չի կարող վերականգնել աղետի կործանարար հետևանքները՝ հենվելով միայն սեփական ներուժի վրա: Հետևաբար պահանջվում է օգնություն դրսից՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութական:
Լայնածավալ աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակներում իրադրությունը կարող է շատ բարդ լինել, քանի որ շտապ օգնության, մասնագիտական փրկարարական և արտակարգ իրավիճակներում գործող համապատասխան վթարային ծառայությունները չեն կարող արձագանքել բոլոր ահազանգերին: Այս պայմաններում առաջին օգնություն ցուցաբերողը (փրկարարը) համեմատաբար ավելի երկար ժամանակ պետք է ուշադրություն դարձնի տուժածին: Զանազան աղետների դեպքում դեպքի վայրը կարող է վտանգավոր լինել ծխի, կրակի, քիմիական նյութերի, հոսող ջրի, անկայուն շինությունների կամ այլ վտանգավորգործոնների պատճառով: Անվտանգությունը շատ կարևոր է բոլոր աղետների դեպքում: Վնասվածքների և զոհերի քանակի նվազեցումը կախված է որոշ անվտանգության ցուցումների խիստ պահպանումից: Դուք պետք է իմանաք, թե ինչպես անջատել էլեկտրականությունը, գազը, ջուրը: Երբեք մի՛ փորձեք փրկել տուժածին այնպիսի վայրերում, որտեղ չեք կարող ապահովել դեպքի վայրի անվտանգությունը, և որտեղ պահանջվում են համապատասխան փրկարարական հմտություններ: Նման դեպքերում ահազանգեք հատուկ ծառայություններ: Ժամանակին արված ահազանգը դեպքի վայր է բերում հատուկ փրկարարական միջոցներով և հանդերձանքով, մասնագիտացված վթարային ծառայություններ և փրկարարներ, որոնք ունեն համապատասխան փորձ ու հմտություն փրկարար աշխատանքները կազմակերպելու համար:
Աղետներին նախապատրաստվելիս՝
-
Պատրաստեք Աղետի կապոց, որն առաջին անհրաժեշտության իրերի, փաստաթղթերի, Առաջին օգնության արկղիկի, ռադիոընդունիչի, գրպանի լապտերի, պահածոյացված սննդի, ջրի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների հավաքածու է, որից օգտվում են աղետների դեպքում, և որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում մարդկանց կարիքները հոգալու համար:
-
Իմացեք էլեկտրականության, գազի, ջրի հիմնական անջատիչների տեղերը, անջատելու ձևը: Գազի և ջրի փականների կողքին ունեցեք անհրաժեշտ գործիքներ:
-
Իմացեք ձեր աշխատանքի վթարային ելքերը:
-
Սովորեցրեք երեխաներին, թե ինչպես վարվել աղետների դեպքում, երբ ծնողները (մեծահասակները) նրանց հետ չեն:
-
Ընտանիքով որոշեք աղետի դեպքում ժամադրման որևէ վայր:
ԵՐԿՐԱՇԱՐԺ
Հայաստանում հանդիպող բնական աղետներից մեծ վտանգ է ներկայացնում երկրաշարժը: Սողանքները, ձնահոսքերը, փոթորիկները, ջրհեղեղները նույնպես վտանգ են ներկայացնում:
Հայաստանն իր ամբողջ տարածքով գտնվում է երկրաշարժավտանգ գոտում: Հնարավոր է կանխագուշակել երկրաշարժը և նույնիսկ նրա մեծությունը, բայց ոչ՝ ճշգրիտ ժամանակը: 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվեցին ավելի քան 25 հազար մարդ, հազարավոր մարդիկ հաշմանդամ դարձան, տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան: Պատմական տվյալները Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի բազմաթիվ վկայություններ են պարունակում: Մարդկային զոհերը և ավերածություններն ավելի քիչ կլինեն, եթե մարդիկ հետևեն երկրաշարժից պաշտպանվելու կանոններին:
Երկրաշարժին նախապատրաստվելիս անհրաժեշտ է՝
-
Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը խաթարող ձևափոխումներ (հիմքի թուլացում, կրող պատերում որմնախորշերի բացում և այլն):
-
Չխցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակները և միջանցքներն ազատ ելումուտը խանգարող մեծածավալ առարկաներով: Պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ վթարային ելքերը պահել ազատ:
-
Ծանր սարքերը և կահույքը տեղադրել հիմնական պատերի տակ՝ ամրացնելով այն հատակին կամ պատին: Մահճակալները տեղադրել պատուհանից հեռու, հիմնական պատի մոտ և գլխավերևում չկախել ծանրառարկաներ:
-
Նախապես որոշել տան կամ աշխատանքի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը:
-
Ձեռքի տակ ունենալ Աղետի կապոց՝ առաջին օգնության արկղիկով, մի քանի օրվա սննդի պաշարով, գրպանի լապտերով, ռադիոընդունիչով, տաք հագուստով և այլն:
-
Ինչ անել երկրաշարժի ընթացքում՝
-
Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ:
-
Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:
-
Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան:
Ինչ անել երկրաշարժից հետո՝
-
Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորության սահմաններում հարկավոր է տեղափոխվել ավելի անվտանգ տեղ, կարիքի դեպքում՝ ցուցաբերել առաջին օգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել (բղավել, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ: Կարելի է փորձել սողանցք բացելով ինքնուրույն դուրս գալ փլատակներից՝ խուսափելով իրար վրակուտակված մեծ բեկորներից:
-
Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում խուճապի մի՛ մատնվեք, խնայեք ուժերը, ավելորդ շարժումներ մի՛ կատարեք, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանեք մի քանի մասի՝ խնայողաբար օգտագործելով այն: Հիշեք, որ ձեզ որոնում են և կփրկեն:
-
Եթե ձեր կացարանը քիչ է տուժել, և հնարավոր է այնտեղ ապրել, ապա առաջին հերթին պետք է ստուգել՝ արդյոք չե՞ն վնասվել էլեկտրահաղորդալարերը, վառարանների ծխնելույզները, կոյուղին, չկա՞ գազի արտահոսք, չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ և այլն:
-
Համաճարակներից (հատկապես ամռանը) և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային կանոնները:
ՋՐՀԵՂԵՂ
Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է: Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը:
Եթե դուք ապրում եք հնարավոր ջրհեղեղի գոտում, ապա կարևոր է գիտենալ ձեր բնակավայրի տեղանքը, հնարավոր ջրհեղեղի դեպքում փախուստի անվտանգ ճանապարհները և վայրերը:
Ջրհեղեղների վտանգի նախազգուշացումների դեպքում պետք է՝
-
մշտապես հետևել տեղեկատվական միջոցների հաղորդագրություններին,
-
անհրաժեշտության դեպքում բարձրացնել կահույքը ջրի հնարավոր մակարդակից բարձր,
-
թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի բարձր տեղ,
-
ստուգել Աղետի կապոցը և թարմ ջրի պաշարները,
-
հավաքել և ապահով տեղավորել արժեքավոր իրերը, փաստաթղթերը, դրամը և լուսանկարները,
-
անջատել էլեկտրականությունը, գազը և ջուրը:
Ջրհեղեղի ժամանակ և հետո՝
-
Պաշտպանեք Աղետի կապոցը թրջվելուց:
-
Եռացրեք ծորակի ջուրը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով:
-
Մի՛ միացրեք գազը կամ էլեկտրականությունը, մինչև չհամոզվեք, որ նրանց օգտագործումն անվտանգ է ձեզ համար:
-
Խուսափեք մտնել ջուրը, քանի որ այն կարող է վտանգավոր լինել, իսկ եթե ստիպված եք անցնել ծանծաղուտով, ապա հագեք ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:
ՀՐԴԵՀՆԵՐ ՇԻՆՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել: Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն` 01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից:
Հրդեհի դեպքում հաճախ ծուխն ավելի վտանգավոր է, քան կրակը, բոցը: Սինթետիկ նյութերը, որոնք օգտագործվում են վարագույրների, գորգերի, կահույքի և այլ իրերի արտադրության մեջ, այրվելիս թունավոր ծուխ են արձակում: Եթե գտնվում եք ծխով լցված շենքում, ապա աշխատեք ինչքան հնարավոր է մոտ գտնվել հատակին, քանի որ թունավոր գազերը, ծուխը և տաք օդը թեթև են և բարձրանում են վեր: Եթե չեք կարող շենքից դուրս գալ, մտեք որևէ սենյակ, որտեղ պատուհան կա: Ծածկեք դուռը, խցանեք բոլոր ճեղքերը և անցքերը` սրբիչներով, լաթերով և հագուստով: Օգնություն կանչեք պատուհանից: Եթե հեռախոսը հասանելի է, ահազանգեք հրշեջ ծառայություն: Մի՛ մտեք այրվող շինություն, եթե չգիտեք, թե որտեղ է գտնվում ձեր օգնության կարիքն ունեցող տուժածը: Եթե կարող եք ներս մտնել այրվող շինություն առանց ձեզ վտանգի ենթարկելու, ապա հետևեք ստորև բերվող ցուցումներին՝
-
Ձեր իրանի շուրջը փաթաթեք պարան և ձեզ հետ վերցրեք ազդանշանային համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ձեզ դուրս բերել այնտեղից:
-
Յուրաքանչյուր դուռ բացելուց առաջ շոշափեք այն ձեռքի ափով և ստուգեք դռան տակից դուրս եկող օդը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է:
-
Եթե ներս մտնելն անվտանգ է, խորը շունչ քաշեք և նոր միայն բացեք դուռը: Պահպանեք դեմքը ձեռքերով:
-
Եթե ներսում ծուխ է, ապա քիթը և բերանը պաշտպանեք խոնավ գործվածքով և աշխատեք գտնվել հատակին մոտ:
-
Տուժածին դուրս բերեք անվտանգ տեղ և հետո միայն կատարեք առաջնային զննում և ցուցաբերեք համապատասխան օգնություն:
Եթե ձեր հագուստը բռնկվել է, հիշեք «կանգնի՛ր, ընկի՛ր և գլորվի՛ր» սկզբունքը: Դադարեցրեք ցանկացած գործողություն, ընկեք հատակին և գլորվեք այնքան, մինչև որ կրակը մարի: Եթե բռնկվել է մեկ ուրիշի հագուստը, նրան գցեք հատակին և չբռնկվող որևէ գործվածքով (ծածկոցով) հանգցրեք կրակը: Առանձնապես վտանգավոր են մեծ շինություններում բռնկված հրդեհները: Պետք է գիտենալ այրվող շենքից անվտանգ դուրս գալու ուղիները: Մի օգտվեք վերելակներից: Եթե աստիճանավանդակը լեցուն չէ ծխով, ապա հեռացեք աստիճաններով, իսկ եթե չեք կարող դուրս գալ, վերադարձեք սենյակ: Զանգահարեք հրշեջ ծառայություն և հայտնեք հրդեհի և ձեր գտնվելու վայրը:
ԱՄՓՈՓՈՒՄ
-
Ցանկացած արտակարգ իրավիճակ կարող է վտանգավոր լինել, երբ մեծ է թունավոր և այլ վնասակար նյութերի հետ շփվելու հավանականությունը: Ձեր անձնական անվտանգությունը պետք է լինի ձեր առաջին խնդիրը: Երբեք մի՛ փորձեք փրկել տուժածին այնպիսի վայրերում, որտեղ չեք կարող ապահովել դեպքի վայրի անվտանգությունը և որտեղ պահանջվում են համապատասխան փրկարարական հմտություններ: Ահազանգեք մասնագիտական փրկարարական ծառայություն կամ շտապ օգնություն:
-
Մեծ աղետների դեպքում մեծ է թունավոր և այլ վնասակար նյութերի հետ շփման հավանականությունը:
-
Հատուկ ուշադրության կարիք ունեն ավտոճանապարհային պատահարները և թունավոր նյութերի կամ էլեկտրականության հետ կապված պատահարները: Միշտ հիշե՛ք անվտանգության սկզբունքը, հնարավորության դեպքում «հեռացրեք վտանգը տուժածից, այլ ոչ թե տուժածին հեռացրեք վտանգից»: