Հանրագիտարան

Սան Մարինոն հռչակվեց հանրապետություն

Սան Մարինոն պետություն է Հարավային Եվրոպայում՝ Ապենինյան լեռների Տիտանո լեռան (738մ) լանջերին: Երկիրը 4 կողմից շրջապատված է Իտալիայի տարածքով: Եվրոպայի ժամանակակից պետություններից հնագույնն է: Ըստ ավանդության՝ 301թ. լեռներում ապաստան է գտել կրոնական հետապնդումների պատճառով Դալմաթիայից փախած մի քրիստոնյա՝ որմնադիր Մարինոն (հետագայում դասվել է սրբերի շարքը. այստեղից էլ լատիներեն «սան»՝ սուրբ նախածանցը). նա լեռներում հիմնադրել է համայնք, որը շուտով դարձել է հանրապետություն:
1243թ.-ից հանրապետությունը գլխավորում են 2 կապիտան-խնամակալները, ովքեր ընտրվում են բնակչության կողմից՝ 6 ամիս ժամկետով: Ընտրությունների (տարին 2 անգամ) առիթով կազմակերպվում է տոնախմբություն, անցկացվում զինվորական շքերթ, որին մասնակցում է Սան Մարինոյի ամբողջ «բանակը»՝ 30 զինվոր:
 
Սան Մարինոն չունի ոչ հարուստ բնական պաշարներ, ոչ հզոր արդյունաբերություն, բայց ունի բնակչության եվրոպական չափանիշի կենսամակարդակ, տասնյակ տարիներ ի վեր հանրապետությունում չի գրանցվել և ոչ մի գործազուրկ:  Բնակիչների 80%-ը սանմարինոցիներ են, 19%-ը`   իտալացիներ: 
 
Տնտեսության հիմքը միջազգային զբոսաշրջությունն է. յուրաքանչյուր տարի Սան Մարինո է այցելում շուրջ 3 մլն զբոսաշրջիկ: Գրեթե ողջ բնակչությունը զբաղված է սպասարկման ոլորտում: Եկամտաբեր են նաև հուշանվերների, տեղական գինու առևտուրը, նամականիշերի և դրամների (դրամագետների համար) թողարկումը: Երկրում գործում են նաև սննդի, թեթև, տեքստիլ, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ: 
 
1956թ.-ից երկիրն ազատ տնտեսական գոտի է`   հարկերի ցածր տոկոսադրույքով, ինչն էապես նպաստում է տնտեսության զարգացմանը:
 
Սան Մարինոյի պատմական կենտրոնը 2008թ.-ի հուլիսից հայտարարվել է համաշխարհային մշակույթի հուշարձան: Սան Մարինոն, ինչպես և մյուս փոքրիկ պետությունները, ՄԱԿ-ի և  միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների անդամ է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: